News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են:

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա եւ Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին:

«Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են:

«Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ եւ քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին:

Նշենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրատեսակով, որոնք վաճառվում են նաեւ Հայաստանում:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հաճախ են հայտնվում դատարաններում, որտեղ պահանջվում է վերացնել օղի արտադրող այս կամ այն ընկերության արտադրանքի կրկնօրինակում: Տարիներ առաջ «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել էր Ուկրաինայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ օղու ապրանքանիշները կեղծելու առթիվ, որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանել 1.5 մլն դրամով: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել օղու արտադրությունը, որը, սակայն չէր արվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ