News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ցմահ ղեկավարն է: Ինչպես Կիմ Իր Սենը, Իսլամ Քարիմովը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն: Եվ այդ իմաստով սկզբունքային չէ, թե ով է լինելու նախագահական ընտրություններին նրա մրցակիցը: «Հավերժ թեկնածուներ» Զյուգանովը եւ Ժիրինովսկին Պուտինի համար նույնքան անվնաս են, որքան Քսենյա Սոբչակը:

«Ընդդիմադիր» վետերաններն, ըստ էության, Պուտինի քաղաքականության կուրսի կողմնակիցներ են, պարզապես ներկայացնում են Ռուսաստանի նախագահի որոշակի երանգավորումները՝ Ժիրինովսկին «ազգայնական Պուտինն» է, իսկ Զյուգանովը՝ «սոցիալական Պուտինը»: Բայց եթե նրանց, օրինակ, հարցնես՝ արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հարցում ճի՞շտ է վարվել, նրանք 100 տոկոսով համաձայն կլինեն նախագահի հետ, իսկ եթե հարցնես՝ ովքե՞ր են Ռուսաստանի ամենավտանգավոր թշնամիները, նրանք, բնականաբար, կասեն, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում «պինդոսները», «լիբերաստները» եւ «գեյրոպացիները» (գուցե ուրիշ բառեր կիրառեն): Մի խոսքով, «պաշտոնական ընդդիմադիրները» գտնվում են Կրեմլի քաղաքականության հիմնական հոսանքի մեջ:

Այդ իմաստով Զյուգանովն ու Ժիրինովսկին նույնպիսի խամաճիկներ են, որքան Սոբչակն է: Պարզապես այդ աղջկան որպես «այլընտրանքային թեկնածու» առաջ քաշելու մեջ (իսկ Ռուսաստանում դժվար թե որեւէ մեկը կասկածի, որ նրան առաջ են քաշել հենց Կրեմլից) կա որոշակի ցինիզմ եւ մարտահրավեր, մոտավորապես Կալիգուլայի եւ նրա ձիու պատմության նման: Իբր տեսեք, թե ում ենք ձեզ դեմ տալիս՝ ռեալիթի շոուի եւ բարձրաշխարհիկ «տուսովկաների» մի կերպարի՝ եւս մեկ անգամ ընդգծելու համար «ցարի» պայծառ կերպարը:

Որպես ընդդիմադիր թեկնածուներ խոսում էին Նավալնու եւ Խոդորկովսկու մասին՝ չնայած նրանք նույնպես Պուտինին հաղթելու ոչ մի շանս չունեն՝ այն պարզ պատճառով, որ ընտրական մեխանիզմ Ռուսաստանում, ըստ էության, գոյություն չունի: Բայց այդ գործիչներն ունեն որոշակի ինքնուրույնություն եւ նախընտրական արշավի ժամանակ կարող է ավել-պակաս խոսեին (օրինակ՝ կոռուպցիայի թեմայով), եւ դաշնային հեռուստաալիքներով կհնչեին արտահայտություններ, որոնք «ցարի» ականջին հաճելի չէին լինի: Դրա համար նրանց ընտրական գործընթացից հեռու պահեցին:

Իսկ Սոբչակի դեպքում ամեն ինչ ուրախ եւ զվարճալի կլինի՝ շոու բիզնեսի կանոններին համապատասխան: Գուցե մենք էլ մտածենք այդ ուղղությամբ: Օրինակ՝ առաջարկենք Քիմ Քարդաշյանին, որ նա Հայաստանում որեւէ ընդդիմադիր կուսակցություն ստեղծի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ