News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կտրականապես չեմ կարող համաձայնել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս օրերին Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում բուռն քննարկվում է ընտանեկան բռնության առանձին տեսակների համար վարչական պատասխանատվությունը քրեականով փոխարինելու նպատակահարմարության հարցը:

Խնդիրն այն է, որ այդ երկրներում, օրինակ, ծեծը դեռեւս դիտարկվում է սոսկ որպես վարչական զանցանք: Ընդ որում, այդ քայլին են գնում, քանզի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրներում տարիներ առաջ ընդունված ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքները (Ղազախստանում ընդունվել է դեռեւս 2009թ.) արդյունք չեն տվել:

Ուղղակի նկատեմ` Հայաստանում ծեծը եղել եւ մնում է բացառապես քրեական պատասխանատվություն առաջացնող արարք, այսինքն՝ այդ կտրվածքով մենք օրենսդրություն փոխելու կարիք չունենք:

Ընդհանրապես, ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի հանրային քննարկումների մի զգալի մասը, իմ համոզմամբ, չի առանձնանում լրջմիտ ու խորքային հարցադրումներով. մասնակիցների մի մասը կատակի է վերածում, մի մասը պարզապես փորձում է օրենքի անհրաժեշտությունը հիմնավորել բռնության սրտաճմլիկ տեսարաններով, մի մասը ձգտում է ժխտել ամեն մի նոր կարգավորման կարիք եւ այլն:

Հանրային քննարկումները կարող են արդյունավետ լինել միայն մի պարագայում, եթե մի կողմը հստակ փորձի ապացուցել, որ գործող օրենսդրական կարգավորումները բավարար չեն բռնությունների դեմ պայքար մղելու համար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման փոխարեն, առաջնահերթ պետք են ապաստարաններ եւ այլն, իսկ մյուս կողմը ձգտի ապացուցել, որ բռնությունների աճի պատճառը ոչ թե գործող օրենսդրությունն է, այլ անարդյունավետ իրավակիրառ պրակտիկան, եւ նոր օրենսդրությունը կարող է միայն նպաստել երեխաների հանիրավի մեկուսացմանը ընտանիքից: Մնացած ելույթները, ցավոք, սոսկ զգացմունքային ու թատերական ներկայացումների ոլորտից են:

Ինքս եւս կողմ եմ ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենսդրությունը բարելավելու տեսակետին, սակայն կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ, հատկապես, կարող են անհարկի «աշխուժացնել» ընտանիքներից երեխաների մեկուսացման տարաբնույթ միտումները:

Պարզ ասեմ՝ ինձ խիստ մտահոգում է ակնհայտ կողմնակալ ակտիվություն ցուցաբերող այն կազմակերպությունների պահվածքը, որոնք հանուն ստացած դրամաշնորհների արդարացման, պատրաստ են եվրոպական ժամանակակից բառապաշարով «զոհեր» հայթայթել ու նետվել նրանց «փրկությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ