News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները նախապես որոշվել էին Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Վրաստանի հատուկ ծառայություններն այս ընտրություններին նախապես պատրաստվել էին: Իրենք հասել են այն բանին, որ ուժերը, որոնք դեմ են իշխանություններին, չմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ընտրությունների արդյունքում ՏԻՄ-ի ձեւավորումը ոչ ոքի համար անակնկալ չէր: Այս գործընթացն իրենց հսկողության տակ էր, ես ինքս չեմ կարող այս ընտրությունները համարել լեգիտիմ, որովհետեւ ոչ բոլոր ուժերին են թույլ տվել մասնակցել ընտրություններին: Մենք ուզում էինք, որ այս ընտրություններից հետո ձեւավորվող իշխանությունները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կամուրջ դառնային, հիմա Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից ընտրված իշխանություններն ինչպե՞ս կարող են ծառայել այս երկու երկրների շահերին»,-ասաց նա:

Դավիթ Ռստակյանի խոսքով, Ջավախքի Տեղական ինքնակառավարման մարմինները վերջին տարիներին ոչ մի լուրջ հարց չեն բարձրաձայնել եւ դրան լուծում տվել:

«Առաջվա նույն, հին դեմքերն են ընտրվել, որոնք ոչ մի բան էլ չեն անելու: Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Յուրի Հունանյանն իմ ընկերն է, նա հնարավոր է, որ ցանկանա ինչ-որ բան անել, բայց գործող համակարգը թույլ չի տալու լիարժեք իր իշխանությունը ձեւավորելու եւ իրականացնելու»:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը: Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․

Ախալցխա — Զազա Մելիքիձե — 69.24%

Ախալքալաք — Յուրի Անանյան 58.62%             

Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35%    

Ադիգենի — Զաքարիա Էնդելաձե 60.51%

Ասպինձա — Ռոստոմ Մագրաքվելիձե- 56.4

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ