News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում, հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Best of British Education կրթական ցուցահանդեսը, որը նպատակ ունի տարբեր ոլորտների մասնագետների, ուսանողների եւ դպրոցականների ծանոթացնելու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում եւ այլուր բրիտանական որակյալ կրթություն  ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման եւ վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման ու թեստավորման ծրագրերին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Հայաստանում գտնվելուս ավելի քան երկու տարիների ընթացքում նկատել եմ, թե հայկական ընտանիքները ինչքան բարձր են գնահատում կրթությունը։ Հետեւաբար, ուրախ ենք հայտարարելու, որ բրիտանական համալսարանները հետաքրքրված են խթանել հայաստանյան հաստատությունների հետ կապերը։ Հայաստանը եւս մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում՝ բրիտանական փորձը դպրոցներում կիրառելու եւ անգլերենի դասավանդումը բարելավելու համար»,- ասաց նա:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն էլ նշեց, որ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն տեղեկություն ստանալ հայտնի Chevening, John Smith Fellowship,Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի, Քեմբրիջի միջազգային դպրոցի  եւ մի շարք այլ ծրագրերի մասին։

Կներկայացվեն նաեւ բրիտանական հայտնի հրատարակչությունների գրքեր, կկազմակերպվեն քննարկումներ։ Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան շահել նվերներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին։

«Վստահ ենք, որ կրթության եւ մշակույթի միջոցով կարող ենք վստահություն սերմանել երկու երկրների միջեւ եւ խրախուսել համագործակցությունը»,- նշել է Արեւիկ Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ այս տարի լրանում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որի շրջանակներում  կազմակերպվում են մի շարք կրթական եւ մշակութային միջոցառումներ։

Տպել
Ամենաշատ