Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր՝ հոկտեմբերի 24–ին, հարցաքննվեց գործով գլխավոր մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը։ Վերջինս հայտարարեց, որ «Իգլա»–ն ինքն է ձեռք բերել Արցախի բանակին նվիրաբերելու նպատակով։ Ըստ Գաբրիելյանի՝ այն եղել է «զապչաստի» կարգավիճակում։
Լուսանկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին բացառապես խորհուրդ հարցնելու նպատակով, Բաբայանը առաջարկել է այն փաթեթավորել եւ մի տեղ թաղել։ Բաբայանը նշել է, որ դա ընդամենը «զապչաստ է»։
Սանասար Գաբրիելյանը պնդում էր, որ Սամվել Բաբայանը դրա հետ առնչվել է միայն մասնագիտական գնահատական տալու մասով։ Որպես պաշտպանական բանակի նախկին հրամանատարի, զինվորականի փորձել է նրա կարծիքը ճշտել՝ արժե արդյոք այն գնել եւ նվիրաբերել բանակին։
Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը ցուցումունքներում նշվում էր 50 հազար դոլարից մինչեւ 38 հազար դոլարի չափով։ Սանասար Գաբրիելյանն այն Վրաստանի քաղաքացուց գնել եւ Հայաստան է տեղափոխել գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի միջոցով։ «Իգլա»–ի համար պահանջվող գումարը պետք է վճարեր Գաբրիելյանը իր անձնական միջոցներից, որը պետք է նրան ուղարկեին Ռուսաստանի Դաշնությունից։ Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ Սամվել Բաբայանի համար չէ այն բերվել Հայաստան, մինչդեռ Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ այն Սամվել Բաբայանի համար են ձեռք բերել։
Թե ինչով էր պայմանավորված այս հակասական դիրքորոշումը, Պողոսյանն այսօրվա նիստում հրաժարվեց դիրքորոշում հայտնել։ Սամվել Բաբայանը ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով հրաժարվել է այսօր հարցաքննվել։ Նիստը հետաձգվել է մինչեւ հաջորդ երկուշաբթի։