News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնարավորություն կա Հայաստանում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով:

Լեւոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ այսօր հասել ենք մի աստիճանի, երբ հնարավորություն կա Հայաստանում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ: Օրերս տեղի ունեցած FAST-ի աշխատաժողովում, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որակով եւ հետապնդած խնդիրների թեմատիկայով, արծարծվել են այսօր աշխարհում քննարկվող գիտակրթական մտքի ամենաառաջավոր գաղափարներ:

Վստահ եմ, որ աշխարհի լավագույն համալսարաններում եւ գիտական կենտրոններում աշխատող մեր հազարավոր հայրենակիցները կկարողանան հիմնադրամի միջոցով իրենց լուրջ ներդրումը բերել մեր երկրին»«-ասել է նախարարը:

Նրա խոսքով, Համաձայնագրի շրջանակում մեկնարկում է առաջին քայլը` շատ իրական ծրագիր, որով փորձելու են գիտությամբ զբաղվող ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով` կրթաթոշակների տրամադրման, նրանց համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, որակավորումների բարձրացման տեսանկյունից:

«Մեր նպատակն է ձեւավորել մոտիվացիա երիտասարդների մոտ` զբաղվել լուրջ գիտությամբ, քանի որ Հայաստանն այլընտրանք չունի. մենք պարտավոր ենք պաշտպանել եւ պահպանել  գիտական տարածք լինելու մեր երկրի կարգավիճակը: Կարեւոր մեկ փաստ եւս` FAST-ը օգնելու է մեր գործող ուսհաստատություններին՝ համալսարաններին, գիտական ինստիտուտներին, առհասարակ ցանկացած նախաձեռնության, որն ունի բարձր կրթագիտական արժեք: Այս առումով այն այլընտրանք չի լինելու, այլ` մեր գիտակրթական համակարգի մեջ շատ հզոր, գեներացնող եւ առաջ մղող ուժ: Մենք պետք է բոլոր ծրագրերում նաեւ մեր Սփյուռքի հզոր գիտական ներուժն օգտագործենք: Մյուս կողմից, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծենք, արմատապես փոխենք բարձրագույն կրթության ոլորտը, որպեսզի մեր երկիրը պատրաստ լինի նման գիտական ներուժն ընդունելու: Գիտական հաստատությունը, համալսարանը եւ աշխատաշուկան պետք  է կապվեն մեկ ամբողջական ցանցով, որպեսզի ուսանողը, ասպիրանտը, գիտնականը կարողանան ազատ շրջագայել այդ ցանցի մեջ: Հայաստանում գիտակրթական էկոհամակարգի ստեղծման խնդիր ունենք»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ  այս համատեքստում բացի որակից, կարեւոր է ապահովել նաեւ ընտրված երիտասարդների հետագա աշխատանքի եւ կենսամակարդակի ապահովման խնդիրը Հայաստանում:

Տպել
Ամենաշատ