News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում։ Այդ մասին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված:

Երկրի անվտանգության առումով դրական եւ էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջեւ ծառացած խնդիրները եւ նախանշելու հետագա անելիքները»,- նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, եւ որոնց անդրադարձ եղավ նաեւ հնչած զեկուցման մեջ: «Ոմանց մոտ ընկալում է ձեւավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետեւանք են:

Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, եւ խուճապի որեւէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության եւ կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է:

Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են եւ ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաեւ տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում:

Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով: Այս առումով հորդորում եմ բոլորիդ անմնացորդ նվիրվել ձեր ծառայությանը եւ շատ կարճ ժամանակում գրանցել նոր, զգալի եւ տեսանելի հաջողություններ:

Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաեւ իմ՝ որպես պետության ղեկավարի եւ Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ