News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ։ Այդ մասին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի եւ զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաեւ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաեւ եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, եւ մենք պարտավոր ենք այս հետեւանքները վերացնել»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: «Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ:

Ապօրինի պահվող հրազենը եւ զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն եւ առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը եւ իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ եւ խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, եւ ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա եւ միջոցներ ձեռնարկվեն»,- նշել է Սարգսյանը:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ պետության իրավապաշտպան համակարգում ոստիկանության անելիքները միայն հանցագործությունների կանխարգելմամբ չեն սահմանափակվում: Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաեւ հանցագործությունների բացահայտման եւ դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում:

Այս առումով չափազանց կարեւոր է ձեր սերտ համագործակցությունն իրավապահ այլ մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության եւ քննչական մարմինների հետ: Դա, անկասկած, կարող է տալ բազմաթիվ դրական արդյունքներ: Կարծում եմ՝ բանկերից մեկի մասնաճյուղում տեղի ունեցած հափշտակության գործով վերջին ձերբակալությունները ասվածի լավագույն ապացույցն են:

Մեկ անգամ եւս պետք է նշեմ, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Սա պարզ տեսանելի է ոչ միայն քիչ առաջ ներկայացված թվային պատկերից, այլեւ պրակտիկայում բացահայտված տասնյակ, երբեմն զավեշտի հասնող դեպքերից:

Բերեմ ընդամենը մի քանի ցայտուն օրինակ: Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները եւ ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաեւ ողջ հետախուզական գործը, ինչի հետեւանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել:

Ավելին, արձանագրվել է նաեւ դեպք, երբ հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանության օպերլիազորը նրան քննիչին չի ներկայացրել, այդ մասին նրան գրավոր կամ բանավոր չի տեղեկացրել: Սակայն այդ նույն օպերլիազորը հետախուզումը դադարեցնելու մասին համապատասխան քարտ է ուղարկել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ էլ հետախուզումը հաշվառումից հանվել է:

Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում, նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչեւ 2017 թվականը որեւէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել:

Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է եւ շատ վտանգավոր:

Այս ամենը վկայում է, որ նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: Հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում: Սա էլ դեռ առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածով հետախուզվողների, խոսքը ժամկետային զինծառայությունից խուսափելու մասին է: Հակառակ դեպքում՝ հայտնաբերման ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 14 տոկոսի: Եվ եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ զինվորական հանցագործություններով հետախուզում իրականացնում է ռազմական ոստիկանությունը, եւ այնտեղ էլ իրավիճակն ավելի բարվոք չէ, քան այստեղ, դա նշանակում է՝ ընդհանրապես, միգուցե, 10 տոկոսից ցածր կլինի: Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է:

Այսպիսի պայմաններում պետք է լրջագույնս վերլուծել առկա խախտումների, թերությունների ու բացթողումների պատճառները եւ համալիր միջոցներ ձեռնարկել վիճակը շուտափույթ շտկելու համար»,- արձանագրել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ