News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները։ Այդ մասին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չեմ կարող չխոսել ճանապարհային ոստիկանության մասին: Դրա բարեփոխումների գործընթացը եղել եւ մնում է իմ առաջնահերթությունների շարքում: Անշուշտ, պետք է դրական գնահատել այս ոլորտում կատարվող աշխատանքը: Կարծում եմ՝ մեր վարորդների համար ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները: Նաեւ պետք է ճանաչենք, որ նվազագույնի են հասել չարաշահման դրսեւորումները»,- ասել է նախագահը:

«Իհարկե, ոստիկանը պետք է աներկյուղ լինի իր աշխատանքում եւ չհաշտվի անօրինականության հետ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ոստիկանը մտրակով վերակացու պետք է լինի փողոցում: Ոստիկանը պետք է ուղղորդի քաղաքացուն, օգնի եւ պարզաբանի ճիշտ ճանապարհը: Երեւան քաղաքի շարունակաբար բարդացող ճանապարհային երթեւեկության պայմաններում բարեկիրթ պարզաբանումը եւ նախազգուշացումը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեխանիկաբար տուգանք դուրս գրելը: Նման վարքագիծը, անկասկած, կմեծացնի ոստիկանի հանդեպ հանրության հարգանքն ու վստահությունը: Ասածս ճիշտ հասկացեք՝ սա այլ բան չի նշանակում: Սա նշանակում է, որ աշխատանքում պետք է օգտագործել տարբեր մեթոդներ»,- նշել է նախագահը:

«Կարծում եմ, որ տարեսկզբին հաստատված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը» մոտ ապագայում այս առումով տալու է իր նկատելի արդյունքը:

Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսեւորում, այլ բառերով ասած՝ դրսեւորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով»,- ասել է նախագահն ու հավելել. «Օրինազանց եւ կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար: Նա ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը:

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելը կարեւոր են, բայց բավարար չեն: Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը: Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ: Կարեւոր է, որպեսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը տարբեր երեւույթների դեմ: Համոզված եղեք, եթե նրանք տեսնեն, ապա տասն անգամ կմտածեն, նոր ինչ-որ բան կանեն: Եվ ընդհանրապես, միայն այդ ձեւով կարելի է հասնել համակարգում լուրջ խնդիրների լուծմանը: Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե տեսան, որ ղեկավար կազմը ելնելով, այսպես ասած, տարբեր հանգամանքներից, հատկապես նրանից, որ լավ կադրեր չկան կամ չգիտեմ՝ տարբեր այլ պատճառներից, ներողամտություն է ցուցաբերում, ընդհանրապես հակված չէ խիստ պատժելու, ապա գործերը միշտ լինելու են մեզ ոչ բավարարող»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ