News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, իսկ Բաքուն կրկին սադրանքի է դիմում: Ադրբեջանի զինուժն Արցախի հետ շփման գծում նորից խախտել է հրադադարի ռեժիմը: Հոկտեմբերի 22-ին հակառակորդը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ է կիրառել, նաեւ ականանետի 5 արկ է արձակել: Եվս մեկ «ՍՊԱՅԿ» էլ ադրբեջանական զինուժը կիրառել է այսօր ժամը 15-ի սահմաններում:

Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ Բաքուն ոչ միայն հակված չէ նախագահների ձեռք բերած համաձայնությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլ հակառակը, կանխամտածված սադրանքների միջոցով ապակայունացնում է իրադրությունը: Արցախյան զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: ՊՆ-ն, սակայն, զգուշացրել է. սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ բավական ցավոտ:

Արցախում պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել: Նախապես հաղորդվել էր, որ ժամկետային Արամ Խաչատրյանն ու Հրաչ Ավետիսյանը մահացու հրազենային վիրավորում են ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով:

Հետո արդեն քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ 19-ամյա Արամ Խաչատրյանը սպանվել է: Աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նրա մահվան գործով ձերբակալված կա. նա նույն զորամասի ժամկետային զինծառայող է, կրտսեր սերժանտ: Արամը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր, 9 ամիս անց զորացրվելու էր: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի:

Մյուս զինծառայողը՝ Հրաչ Ավետիսյանը, հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Քննությամբ պարզվել է, որ նա իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցով ինքնասպանություն է գործել: Պարզվել է նաեւ, որ դեպքից օրեր առաջ Հրաչ Ավետիսյանի հետ վիճաբանել եւ նրա նկատմամբ բռնություն է կիրառել զորամասի մեկ այլ զինծառայող: Նա ձերբակալվել է: 18-ամյա Հրաչը Երեւանից էր, 3 ամիս առաջ էր զորակոչվել: Նա ծառայության էր մեկնել կրտսեր եղբոր հետ, նույն զորամասում էին ծառայում: Ավետիսյանների ազգականը պատմել է, որ Հրաչը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ծնողները պայքարել են, որ նրան բանակ չտանեն, բայց անօգուտ: Վերջերս էլ նրա առողջական վիճակը վատացել էր, երկու օրից նրան պետք է Երեւան տեղափոխեին՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Եվս մեկ ժամկետային զինծառայող այսօր առավոտյան ավտովթարի զոհ է դարձել: 19-ամյա Գեւորգ Խանամիրյանը վթարի է ենթարկվել Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին: Երիտասարդն «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով ձորն է ընկել: Մեքենան, սակայն, պաշտպանության նախարարությանը չի պատկանում: Մահացած զինծառայողն արձակուրդում է եղել:

Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել են մեծ աղմուկ բարձրացրած «Պաշտպանության մասին» օրինագիծն ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Պաշտպանության նախարարության նախաձեռնած փոփոխությունները վերաբերում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգին, որի համաձայն՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։ Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կստանան նաեւ լավագույն մարզիկները, որոնք պարբերաբար պետք է կրկնեն միջազգային մրցաշարերում գրանցած արդյունքները: Վիգեն Սարգսյանը կատակել է. այդպիսով մեր մարզիկները շահագրգռված կլինեն ավելի բարձր ցատկել եւ ավելի լավ վազել:

Նշենք, որ օրերս մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին անցկացրել կրթության նախարարության շենքի առջեւ, իսկ հետո բաց նամակ հղել կրթության եւ պաշտպանության նախարարներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով փոփոխությունների կապակցությամբ: Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, սակայն, կարծում է, որ ակադեմիական տարկետումը շատ դեպքերում ընդամենը զինծառայությունից խուսափելու միջոց է դառնում: 

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննել են գործով գլխավոր մեղադրյալին: Սանասար Գաբրիելյանը պատմել է, որ «Իգլա»-ն ինքն է ձեռք բերել՝ Արցախի բանակին նվիրաբերելու համար: Պարզապես խորհուրդ ստանալու համար դիմել է Սամվել Բաբայանին: Վերջինը, մեղադրյալի հավաստմամբ, ասել է, որ այն ընդամենը «զապչաստ է»: Նշենք, որ Սանասար Գաբրիելյանն «Իգլա»-ն գնել է Վրաստանի քաղաքացուց եւ Հայաստան տեղափոխել գործով մյուս մեղադրյալներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի միջոցով: Արմեն Պողոսյանը հայտարարել է, թե հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ այն Սամվել Բաբայանի համար չի բերվել Հայաստան, մինչդեռ նախաքննական ցուցմունքում Պողոսյանը հակառակն է ասել: Այսօրվա նիստում, սակայն, Պողոսյանը հրաժարվել է մեկնաբանել այս հակասական հայտարարությունների պատճառը: Այսօր պետք է հարցաքննվեր նաեւ Սամվել Բաբայանը, սակայն ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով հրաժարվել է:

Արմավիրի Նորապատ գյուղում դատարանի նախկին շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի է եղել նույնիսկ Արմավիր քաղաքից: Երկհարկանի շենքը, որտեղ այժմ ավելի քան 10 ընտանիք է բնակվում, մոխրակույտի է վերածվել: Ականատեսները նշել են, որ նախ ներսում ուժեղ պայթյուն է որոտացել, իսկ հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Շենքում բնակվող ընտանիքները, սակայն, փողոցում են հայտնվել:

Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով համայնքների մեծ մասում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները. իշխող կուսակցությունն ամբողջ երկրի տարածքով 55.69% ձայն է ստացել: Թբիլիսիում քաղաքապետ է ընտրվել հայտնի ֆուտբոլիստ, իտալական «Միլան»-ի նախկին խաղացող Կախա Կալաձեն՝ 51.06% ձայնով:

Ինչ վերաբերում է Ջավախքին. Վրաստանի հայկական շրջանում պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել: Նինոծմինդայի քաղաքապետ է դարձել «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Անիվարդ Մոսոյանը: Նա ստացել է ընտրողների 77%-ի ձայնը: «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը դժգոհ է ՏԻՄ ընտրություններից: Նրա համոզմամբ՝ դրանք նախապես պատրաստվել էին երկրի հատուկ ծառայությունների կողմից: Ռստակյանը պնդում է, որ նրանք հասել են այն բանին, որ իշխանություններին դեմ հանդես եկող ուժերը չկարողանան մասնակցել ՏԻՄ ընտրություններին, եւ դրանց արդյունքները ոչ ոքի համար անակնկալ չէին:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիները 64 քաղաքապետի եւ համայնքային օրենսդիր մարմինների՝ սակրեբուլոների 64 պատգամավորի են ընտրել: Նախնական արդյունքներով՝ երկրի հինգ քաղաքներում՝ Կազբեգիում, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգեթիում, Մարթվիլիում եւ Քութաիսիում կարող է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:

Իտալական Լոմբարդիայում եւ Վենետոյում հանրաքվե են անցկացրել. երկրի երկու ամենահարուստ մարզերն ինքնավարության ընդլայնում են ցանկանում: Նախնական տվյալներով՝ երկու մարզում էլ ինքնավարության ընդլայնմանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների ավելի քան 90 տոկոսը: Հավելենք, որ հանրաքվեն իրավական պարտադիր ուժ չունի: Բացի այդ, ի տարբերություն իսպանական Կատալոնիայի՝ իտալական մարզերում քվեարկությունը չի հակասել երկրի Սահմանադրությանը եւ համաձայնեցված է եղել կենտրոնական կառավարության հետ: Այս շրջանների բնակչությունն անկախության չի ձգտում, պարզապես ցանկանում է լրացուցիչ իրավասություններ ստանալ եւ առնվազն երկու անգամ կրճատել Հռոմին փոխանցվող գումարի չափը:

Հոկտեմբերի 23-ին դոլարը շարունակել է թանկանալ, եվրոն ավելի քան 3 դրամով էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 566, ռուբլունը՝ 8 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Հոկտեմբերի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, 27-ին՝ նույնքան կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ