News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարագի, բանանի, շաքարավազի շուկայի ազատականացումը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն՝ անդրադառնալով Տնտեսական մրցակցության պետական կոմիտեի ղեկավարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊ ղեկավար Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ ավելի քան 40 ներմուծող է հայտնվել կարագի, շաքարավազի ու բանանի շուկայում։

Մեր հարցին, թե նման մրցակցությունը ինչու է հանգեցրել գնաճին, մասավորապես կարագի շուկայում, Հակոբ Հակոբյանը պատասխանել է. «Ցանկացած պրոցես զարգացման ժամանակ ունի, ազատականացումը շատ լավ բան է, բայց շուկան ազատագրելով՝ դեռ խնդիրը չես լուծում, որովհետեւ ժամանակ է ուզում, որ հասնես քո նպատակին, որ գինը իջնի»։

Իշխանական պատգամավորը կարագի թանկացումը արդարացնելու համար հիշատակեց Արտակ Շաբոյանի հայտնած մեկ այլ ցուցանիշ. «Եթե չեմ սխալվում նույն Շաբոյանը ասաց՝ կարագը դրսում շուրջ 25 տոկոսով թանկացել է»։ Պատգամավորը հուսադրեց, թե դրանք ժամանակավոր բնույթ են կրում եւ հնարավոր է՝ գինը նվազի. «Կարագի թանկացումը ժամանակավոր բնույթ է կրում, լուծումներ կգտնվեն»։

Հակոբ Հակոբյանը հակադրվեց նաեւ տնտեսագետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի առաջ քաշած այն վարկածին, ըստ որի՝ հնարավոր է, որ գնաճը կառավարության ձեռքի գործն է բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով։ Ըստ Բոստանջյանի՝ կառավարությունը իր առջեւ դրված 130 միլիարդ դրամից հավաքագրել է 95 միլիարդ դրամ եւ տնտեսվարողների հետ պայմանավորվելով կարող են արհեստական գները բարձրացնել, որպեսզի ապահովեն բյուջե մուտքերը։

«Կառավարությունն այդ նպատակին հասնելու համար ունի բազմաթիվ ճանապարհներ դա ընդամենը մեկն է։ Կառավարությունը որպեսզի կարողանա գումար հավաքի, հազար ձեւ ունի դա ընդամենը մեկն է»,–ասաց ՀՀԿ–ականը՝ հիշեցնելով տնտեսագետին, թե իրական ՀՆԱ–ն հաշվում են առանց գնաճի։

Տպել
Ամենաշատ