News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու է:

Նախ` ինձ թույլ տամ կասկածի տակ դնելու որոշ մասնագիտությունների դեպքում մագիստրատուրայի անհրաժեշտությունն ընդհանրապես: Եթե մարդը, ենթադրենք, լրագրող է` ի՞նչ է նա անում մագիստրատուրայում` լրագրության գիտնակա՞ն է դառնում: Ինձ թվում է՝ բակալավրիատից հետո նա պետք է գնա լրատվամիջոց եւ աշխատի:

Կամ` եթե ջութակահար է, ջութակի գիտությա՞մբ է զբաղվելու: Այլ հարց է, եթե նա միջազգայնորեն ճանաչված տաղանդ է, ասենք` Սերգեյ Խաչատրյանի նման: Այդպիսի երիտասարդները հատուկենտ են, եւ նրանց ընդհանրապես պետք է ազատել բանակից, ինչպես եւ միջազգային լուրջ օլիմպիադաների հաղթողներին: Բայց այդ ամենը մագիստրատուրայի եւ տարկետման հետ կապ չունի:

Կան, իհարկե, ասպարեզներ, հիմնարար գիտություններ, որտեղ երիտասարդ կադրերի անհրաժեշտությունը կա: Բայց միթե բանակն է խանգարում այս ոլորտների զարգացմանը: Եկեք հարցին պատասխանենք բացառման սկզբունքով: Հայաստանում 25 տարի տարկետման իրավունքը գործում է, ի՞նչ է՝ դրանից գիտությունը (ինչպես նաեւ կրթությունը) բուռն զարգացո՞ւմ են ապրում: Ոչ, հակառակը՝ դրանք գահավիժում են: Իսրայելում ընդհանրապես չկա ոչ մի տարկետման իրավունք, եւ այնտեղ գիտությունն ու կրթությունը ծաղկում են:

Հետեւաբար` մեր գիտության տխուր վիճակի պատճառները պետք է փնտրել այլ տեղերում: Ավելին՝ գուցե դրան որոշ չափով նպաստում են մեծ մասամբ ձեւական բակալավրիատը, ավելի անիմաստ մագիստրատուրան, գիտության հետ որեւէ կապ չունեցող ասպիրանտուրան եւ անպետք թեկնածուական թեզերը:

Այդ փուլերն անցնում են նաեւ աղջիկները, բայց հատկապես տղաների համար դա ճանապարհ է բանակից ազատվելու, իսկ այդպես չպետք է լինի: Կրկնեմ՝ դա ներկա իրավիճակի պատճառներից մեկն է, գուցե ոչ ամենակարեւորը: Ինչ անել՝ ես չգիտեմ: Միայն կարող եմ հիշեցնել, որ գրեթե միակ ոլորտը, որտեղ մեր գիտությունը զարգանում է, տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Որովհետեւ զարգանում է այդ արտադրությունը, այդ բիզնեսը: Ընդ որում՝ առանց մագիստրատուրաների, ասպիրանտուրաների եւ թեկնածուական թեզերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ