News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ, պատգամավորների իրավունքները՝ կալանավորներին, դատապարտյալներին տեսակցելու մասով, սահմանափակվել են այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները  ներկայացրած  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի մերժումը քաղաքական մեծամասնության կողմից «տանում է դեսկտրուկտիվ գիծ»:

«Այն տանում է մի տեղ, որտեղ չէի ցանկանա, որ մեր երկիրը գնար: Բոլոր քննարկումները բացառելը, քաղաքական փոքրամասնության բոլոր նախագծերը մերժելը տանում է դեպի դեսկտրուկտիվ գիծ: Հետո չասեք, որ, վա՜յ, ինչ ասում ենք՝ ընդդիմությունը դեմ է: Բա ո՞նց ա, որ մենք ինչ ասում ենք, դուք դեմ եք: Պատգամավորներն էլ որեւէ կալանավորի  մորքուրի մարդը չէ, որ գնում է տեսակցելու, որ սնունդ, սիգարետ տանի, այլ գնում է իր գործառույթները կատարելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման մեկնաբանություն տալ, նրա օրոք այդ նորմը սկսեց մեկնաբանվել հակասահմանադրական եւ ապօրինի ձեւով սահմանափակվեին պատգամավորների իրավունքները»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարան է գալիս անպատրաստ, անգամ չի ուզում ընդդիմության ներկայացրած հարցերը քննարկել. «Դուք էիք ասում՝ ուզում ենք խորհրդարանական երկիր, սա՞ է խորհրդարանական երկիրը, երբ Ազգային ժողովում հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Ոչ մի կերպ չհիմնավորեցիք՝ ինչու այդ հարցը պետք չէ քննարկել, միայն բովանդակային՝ ինչո՞ւ եք դեմ այդ հարցին, չհասկացանք: Ուզում ենք ընդամենը հարցը մտցնել օրակարգ, քննարկում լինի, երկխոսություն, մենք գնում ենք դիկտատուրայի, թե՞ ուր: Այս մոտեցմամբ եք գնո՞ւմ պառլամենտական երկրի, եթե այս դահլիճում որոշումներ չկայացնենք՝ լուրջ պրոբլեմներ են լինելու բոլորիս համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ