Կամ բանակցում ենք ԼՂ հարցի լուծումը գտնելու նպատակով, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ պատրաստ ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱՊաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով. «Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձեւավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է եւ լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետեւում ենք:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում»,- ասել է նա:

Ընդգծելով մի քանի հանգամանքներ՝ նախագահն ասել է. «Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք եւ լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որեւէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»:

Նրա խոսքով, բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձեւավորվող փոխադարձ վստահության պայմաններում: «Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որեւէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,- նշել է նա:

Սարգսյանն ասել է, որ իր համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ինքն ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: «Անկեղծորեն տարօրինակ է, եւ ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն՝ այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- արձանագրել է նախագահը։