News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարեն Կարապետյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի վարչապետը: Օդանավակայանում ռուսաստանցի գործընկերոջը դիմավորել է Հայաստանի վարչապետը, իսկ հետո Դմիտրի Մեդվեդեւը գնացել է Ծիծեռնակաբերդ:

Երկու երկրների վարչապետերն առանձնազրույց են ունեցել, հետո տեղի են ունեցել ընդլայնված ձեւաչափով քննարկումներ: Վարչապետները գոհ են համագործակցության արդյունքներից: Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է. Հայաստանի համար ռուսական գազի հատուկ գինը կպահպանվի նաեւ 2018 թվականին: Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1.000 խ/մ-ը 150 դոլարով։

Մեդվեդեւը գոհ է նաեւ գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցությունից: Հայկական բերքը հնարավորություն ունի նույնիսկ զբաղեցնել ռուսական շուկայում պատժամիջոցների տակ հայտնված մրգերի եւ բանջարեղենի տեղը, հատկապես՝ հայկական ծիրանը: Հայաստանն էլ ուրախ կլինի ռուսական բիզնեսը տեսնել Իրանի հետ սահմանին՝ Ազատ տնտեսական գոտում: Ռուսական կողմը պատրաստ է առավել մանրամասն քննարկել հնարավորությունները:

Այսօր Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերը քննարկելու են միության մաքսային տարածքում ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության միջոցները:

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ելք»-ի պատգամավորները ներկայացրել են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ եթե անձը կալանավորված է, եւ քննիչը որոշում է կայացրել սահմանափակել նրա տեսակցությունները, պատգամավորին թույլ չեն տալիս մտնել նրա մոտ: Մինչդեռ իրենք ոչ թե տեսակցության են գնում, այլ ահազանգերի հետքերով:

ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը հակադարձել է, թե շատ քիչ երկրներում է, որ պատգամավորներն իրավունք ունեն անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ: Էդմոն Մարուքյանին սա զայրացրել է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ դժգոհել է. քաղաքական մեծամասնությունը մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը տեղից ընդհատել է նրան, կրքերը թեժացել են: Լեզվակռվում «վերջին խոսքն» ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով սպառնալիքներ չհնչեցնել:

Պատգամավորներն այսօր քննարկել են նաեւ զինվորական ծառայության եւ պաշտպանության մասին օրինագծերը: Ազգային ժողով եկած պաշտպանության նախարարի Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կոնկրետ լծակներ են սահմանվելու, որոնցով հնարավոր կլինի ապահովել զինված ուժերի զսպվածությունն ու չեզոքությունը ներքաղաքական հարցերում: Փաշինյանը, սակայն, հիշեցրել է. նախկինում նույնպես օրենքը դա ապահովում էր, բայց քաղաքական պրոցեսներին զինված ուժերի ներգրավվածության դեպքեր եղել են: Նախարարը համաձայնել է. օրենքի ընդունումից հետո պետք է ամեն ինչ անել, որ այն լիարժեք կիրառվի: Մինչ այդ խորհրդարանի միջանցքում Վիգեն Սարգսյանը հրաժարվել է պատասխանել սահմանային իրավիճակի մասին լրագրողների հարցին:

Հավելենք, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն այսօր լրագրողներին ասել էր, որ մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա: Լեւոն Մնացականյանը նաեւ չէր բացառել, որ  աստիճանաբար լարվածության աճ կլինի, եւ հիշեցրել, որ եթե հետագայում եւս հարվածներ լինեն, հայկական կողմը կպատասխանի:

Տրանսպորտի նախարարը դժգոհ է Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածների շինարարության որակից: Վահան Մարտիրոսյանը հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնաբատումը: Այս հատվածում աշխատում է չինական «Սինոհիդրո»-ն: Առանց կատարվածի որակը թեստավորելու՝ ընկերությունը ճանապարհի 1200 մետրի բետոնապատում է իրականացրել, մինչդեռ թեստային փորձանմուշի համար անհրաժեշտ էր բետոնապատել միայն 300 մետրը: Որակի լաբորատոր փորձաքննություն է կատարվում: Եթե արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը ստիպված կլինի քանդել եւ նորից կատարել աշխատանքը: Հարցն այսօր չինական «Սինոհիդրո»-ի փոխնախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա պահանջել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ վերացնել առաջացած բոլոր խնդիրները:

Տեւական ընդմիջումից հետո այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործից առանձնացված մասով դատական նիստը: Այն քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Ամբաստանյալների տվյալները հստակեցնելուց հետո դատավորը ներկայացրել է մեղադրող կողմին եւ հետաքրքրվել՝ արդյո՞ք կողմերն առարկություններ եւ դատախազին բացարկ ներկայացնելու միջնորդություն ունեն: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե իրենց մեղավոր չեն ճանաչում, «մեղադրանքը սարքած է, իսկ դատախազներն ընդհանրապես գործին չեն առնչվում»: Մի շարք ամբաստանյալների ելույթներից հետո պաշտպանները բացարկ են հայտնել դատախազ Պետրոս Պետրոսյանին, որը, սակայն, դատարանը մերժել է: Նիստը հետաձգվել է, հաջորդը կկայանա հոկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անընդհատ հետաձգվում էր, հետո որոշվեց գործը 3 մասին բաժանել: Մյուս երկու գործերը քննում են Արտուշ Գաբրիելյանը եւԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Վերջինի նախագահությամբ առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին:

Ուկրաինայի Միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Միխայիլ Սահակաշվիլիին փախստականի կարգավիճակ տալ: Այդ երկրի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետն այդ հարցով դատարան չի դիմել: Յուրի Լուցենկոն նաեւ հավելել է, որ այժմ Կիեւն իրավունք ունի Սահակաշվիլիին արտաքսել երկրից արտաքսել կամ արտահանձնել: Լուցենկոն Սահակաշվիլիին նաեւ մեղադրել է «կարմիր գիծն անցնելու» եւ իշխանությունը զավթելու համար սադրանքներ հրահրելու մեջ՝ հավելելով, որ հետաքննությունն այդ մասին տվյալներ ունի: Վրաստանի նախկին նախագահն այս հայտարարությունը կեղծիք է որակել եւ խոստացել ասուլիս հրավիրել ու պատասխանել դրան:

Հրապարակվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը. երկրորդ տարին անընդմեջ աշխարհում լավագույնն է ճանաչվել պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Այդ տիտղոսի հավակնորդների եռյակում էին նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին («Բարսելոնա») եւ բրազիլացի Նեյմարը (ՊՍԺ): Տարվա լավագույն մարզիչը ֆրանսիացի Զինեդին Զիդանն է («Ռեալ»), լավագույն դարպասապահ է ճանաչվել իտալացի Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), լավագույն գոլի համար Պուշկաշի անվան մրցանակն էլ ստացել է ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն («Արսենալ»): Նշենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:

Դոլարն ավելի քան մեկ շաբաթ է՝ դանդաղ, բայց անշեղորեն ամրապնդում է դիրքերը: Հոկտեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 8 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Հոկտեմբերի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա, 27-ից 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ