News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սիսիանի մոտ գտնվող Ուղտասար եւ Իշխանասար լեռների միջեւ ընկած այս ձորակն ասես պատկերասրահ լինի (ֆոտոռեպորտաժ):

Իրար զուգահեռ երկու շարք քարեր են, որոնց վրա ժայռապատկերներ են՝ այծեր, ցլեր, հովազներ, եղնիկներ, որսի տեսարաններ…

Այստեղ ժայռապատկերներով ամենահայտնի վայրը Ուղտասարի գագաթն է, որտեղ զբոսաշրջիկներ շատ են այցելում: Այս հատվածում, ինչպես պնդում են մեզ ուղեկցող Հուշարձանների պահպանության գործակալության տեղական մասնաճյուղի աշխատակից Գագիկ Նավասարդյանը եւ տեղի բնակիր Հրաչ Հակոբյանը, դեռեւս այցելուներ չեն եղել:

Փաստացի այս պատկերասրահի առաջին պաշտոնական այցելուները մենք էինք: Արժեր խորհրդային հին «ՈւԱԶ»-ով դարուփոսերով եւ փոշոտ հողե ճանապարհով ուղեւորություն կատարել այստեղ:

Հրաչ Հակոբյանը պարծեցավ, թե ինքն է հայտնաբերել «պատկերասրահը»: Գագիկ Նավասարդյանն ամբողջ ճանապարհին՝ թե՛ գնալիս, թե՛ վերադառնալիս  կողմնորոշիչներ էր նշում. ժայռապատկերների մասին նա պետք է հայտներ Գործակալությանը, եւ մասնագետները պետք է ուսումնասիրեին եւ ընդգրկեին պահպանվող ժառանգության ցանկ:

Գագիկ Նավասարդյանի պարզաբանմամբ՝ ժայռապատկերները, որպես կանոն, թվագրվում են 2 փուլով՝ մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ եւ մ.թ.ա. 3-1-ին հազարամյակ: «Դրանք անչափ կարեւոր տեղեկություն են տալիս այդ ժամանակների մարդու գործունեության մասին: Սրանք քարե դարի մարդու արվեստի գործեր են, որոնք պատկերում են բնության ուժերի դեմ պայքարը»,- ասում է նա:

Մի շարք ժայռապատկերներում արդեն վարժեցրած, ընտանի դարձած կենդանիներ են պատկերված՝ լծված ցլեր, այծերի հոտ:

Մեծաթիվ են որսի տեսարանները՝ նետուաղեղներով, նիզակներով, օղապարաններով եւ թակարդներով որսորդներ:

«Ժայռապատկերները կարելի է դասել համաշխարհային պատմական ժառանգությանը: Սա միայն Սյունիքի հարստությունը չէ: Սա ամբողջ մարդկության զարգացման առաջին փուլերից մեկն է»,- ասում է նա:

Սիսիանի մոտ գտնվող Ուղտասար հնագիտական հուշարձանը ժայռապատկերներով լեցուն է՝ դրանք կան լեռան ստորոտին, լանջերին, փոքր լճերի մոտ, հրաբխային խառնարանում: Դրանք փորված են հորիզոնական կամ ուղղաձիգ քարերի հարթ մակերեւույթներին: Դրանց վրա հիմնականում պատկերված են որսի տեսարաններ, մարդուն շրջապատող բնությունը, ծեսեր: Դրանք ներկայացնում են նաեւ նախնադարյան մարդու տիեզերական պատկերացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ