Ես պարբերաբար հանդիպում եմ ամենատարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչների. տեղյակ եմ, որ «Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը ակտիվ հրահրում էր մի քանի երիտասարդի համալսարանում դասադուլ սկսելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթենուոմ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին եւ դրա դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին:
«Դրա մասին խոսել եմ նաեւ խորհրդարանում: Նրանցից մի քանիսի հետ հանդիպել եմ: Առանց լուսաբանելու, անուններ չեմ ուզում հնչեցնել, նրանք մանրամասն պատմել են, թե ինչպես է ընթացել իրենց երկխոսությունը «Ելքի» հետ այդ թեմայով: Քաղաքական մշակույթի հարց է, ամեն մեկն իր ձեւն է ընտրում»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե արդյոք ինքը դասալիք ու սահմանադրությունը խախտող է համարում ՀՀԿ-ականներին, որոնք չեն ծառայել բանակում, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, ես ձեր գնահատականը համարում եմ ոչ կոռեկտ: Եթե դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը, նույն Արարատ Միրզոյանը դասալիք են, որովհետեւ օգտվել են տարկետումից,ապա ձեր գնահատականը բոլորի համար հավասարապես ճիշտ է: Ես չեմ համարում, որ նրանք դասալիք են: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանում այդ ձեւակերպումները եւ այդ լեզուն ես չեմ սկսել օգտագործել: Ես Արարատ Միրզոյանի պատվոգիր ստանալու թեման բարձրացրել եմ այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը բարձրացրել է բանակում չծառայած, բայց բանակի գերատեսչական մեդալներով պարգեւատրվածների հարց: Ես էլ ասել եմ, որ պետք է սեփական աչքի գերանը նկատել, հետո դիմացինի աչքի փուշը»:
Հիշեցնենք, որ նախօրեին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Վիգեն Սարգսյանը դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, ասել էր, թե ինչ խղճով է ՊՆախարարի կողմից ստացել պատվոգիր, երբ չի ծառայել բանակում: Ի պատասխան Արարատ Միրզոյանն այսօր նշել է հետեւյալը. «Պաշտպանության նախարարության կողմից պատվոգիր եմ ստացել, որպես կամավոր ապրիլի 2-ից հետո առաջնագիծ մեկնելու համար: Կատարել եմ իմ առջեւ դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով: Ես ցավում եմ, որ պաշտպանության նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից դեպի անձնական խնդիրներ»:











