News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում ՀՀ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:

Այս առնչությամբ, Հայաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմիկ բարձր ռիսկի գոտում. սեյսմիկ գործընթացների մշտադիտարկման եւ արձագանքման համակարգի անընդհատ վերազինումն ու արդիականացումը հանդիսանում են ՀՀ ազգային անվտանգության կարեւոր եւ բաղկացուցիչ մասը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման եւ արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ ս/թ հոկտեմբերի 2-11-ը Լոռու մարզի Սարատովկա, Սյունիքի մարզի Եղվարդ եւ Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում իրականացրել են երկու նոր սեյսմիկ կայանների տեղադրման եւ մեկ կայանի տեղափոխման աշխատանքներ։

Մասնավորապես՝ Սարատովկա եւ Եղվարդ համայնքներում տեղադրվել են մեկական «GURALP-3T» տիպի սեյսմոմետրեր եւ «GURALP-5T» տիպի աքսելերոմետրեր, կատարվել են համապատասխան մոնտաժային աշխատանքներ: Սեյսմիկ կայաններում տեղադրվել են հատուկ վահանակներ, որոնց մեջ հավաքվել են տվյալների առցանց փոխանակման համար անհրաժեշտ սարքերը, արբանյակային կապի միջոցով կազմակերպվել է տվյալների առցանց հաղորդում։

Տեղադրված նոր կայանների սնուցումն իրականացվում է փոփոխական հոսանքի միջոցով եւ կրկնապատկված է կապարային մարտկոցներով. սնուցման այս եղանակը ապահովում է կայանի անդադար աշխատանքը:

Նախապես՝ մինչ կայանները ցանցին միացնելու եւ գործարկելու աշխատանքները, հատուկ տեխնիկայի միջոցով, փորվել են 3 մետր խորությամբ հորեր եւ կառուցվել բետոնյա պատվանդաններ, որտեղ տեղադրվել են «GURALP-3T» տիպի սեյսմոմետրերը՝ պաշտպանված օղակաձեւ, պլաստիկ էլեմենտներով: Դրանք, իրենց հերթին, փակվել են ավազե եւ խճաքարե զանգվածով:

«GURALP-5T» աքսելերոմետրերը տեղադրված են հատուկ վահանակների մեջ, գտնվում են աշխատանքային վիճակում, եւ դրանցում մուտքագրված տվյալների հաղորդումն իրականացվում է առցանց կապի միջոցով:

Նույն ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել է սեյսմիկ փնջի «մայր» սեյսմոմետրի տեղափոխումն առավել բարենպաստ տեղանք։

Կատարված աշխատանքները մասն են կազմում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի որդեգրած` զարգացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման քաղաքականության, միտված են երկրաշարժերի հետեւանքները նվազեցնելուն եւ ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը:

Հայ-ֆրանսիական երկարամյա եւ արդյունավետ համագործակցության շրջանակում 2018թ. նախատեսվում է եւս 4 նմանատիպ կայանների տեղադրում ՀՀ տարածքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ