News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արմավիրում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դանակով զինված մի տղամարդ մտել է «Մանուշակ» մանկապարտեզի շենքն ու հարձակվել աշխատակիցների վրա: Լուրերի համաձայն՝ տղամարդը մանկապարտեզի տնօրենի նախկին փեսան է՝ Արմավիրի բնակիչ Արգամ Հովիկյանը: Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է տեսնել նախկին կնոջը: Նրան հանդիպել է մանկապարտեզի բակում, վնասվածք է հասցրել, բայց կնոջը հաջողվել է փախչել: Նրան նախ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, հետո՝ հիվանդանոց:

Այնուհետեւ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել 3 տարեկան մի երեխայի ու դաստիարակներին: Տղամարդը հանդիպում է պահանջել նախկին կնոջ եւ երեխայի հետ: Ոստիկանությունում այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատում: Նշում են միայն, որ տղամարդու արարքի դրդապատճառներն անձնական են, այլ մանրամասներ չեն հաղորդում: Պատանդառուի հետ երկարատեւ բանակցություններից հետո մանկապարտեզի ներսում կրակոցներ են հնչել, ինչից հետո շենքից դուրս են բերել ավելի քան 4 ժամ պատանդ պահվող 3-ամյա երեխային ու հիվանդանոց տեղափոխել: Փոքրիկը վախեցած է եղել, բայց, բարեբախտաբար, վնասվածքներ չի ստացել:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդն ինքնավնասման փորձ է արել, իրավապահներն էլ հատուկ միջոցներ են կիրառել ու ազատել երեխային: Նշվում է նաեւ, որ տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին ֆեյսբուքում կատարած գրառումը լայն արձագանք է գտել, որում ակնարկ են նկատել Վիգեն Սարգսյանի՝ զինծառայությունից խուսափելու մասին: Դրան ստիպված է եղել պատասխանել նաեւ նախարար Վիգեն Սարգսյանի խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբեւէ չի խուսափել զինվորական ծառայությունից. 18 տարեկանից ի վեր չի եղել զինկոմիսարիատի որեւէ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին առաջին իսկ կանչով նա չներկայանա: Խոսնակը նաեւ հավելել է, որ պաշտպանության նախարարը երբեւէ չի ունեցել եւ չունի որեւէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որեւէ հիմք, երբեւէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որեւէ այլ մարմնի կողմից չի իրականացվել նախաքննական, հետախուզական, քննչական որեւէ ընթացակարգ:

Նշենք, որ Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքում գրել էր. «... աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որն ինքնագոհ մատը թափ տալով՝ ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության եւ պետության համար կարեւորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում եւ բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինը ոստիկանական հետապնդումից ազատի որդուն»: Նախկին նախարարի կնոջ գրառման մեջ նշված անձին շատերն ասոցացրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Ազգային ժողովում մեկնարկել են 2018 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումները: Դրանց մասնակցած վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր աճի հավակնելու համար: Սակայն վարչապետը հույս ունի, որ կկարողանան հիմքեր ստեղծել՝ ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար:

Ֆինանսների նախարարն էլ թվեր է ներկայացրել. 2018 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ: Դրան հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտները: Հաջորդ տարվա համար կանխատեսվում է նաեւ արտահանման՝ 8.0%, ներմուծման` շուրջ 7.8% աճ: Բյուջետային հատվածում, սակայն, փաստացի միջին աշխատավարձը կմնա նվազագույնին մոտ: Վարդան Արամյանը նշել է նաեւ, որ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը հույս է տալիս ակնկալել, որ 2018 թվականին 4.5 տոկոս տնտեսական աճ կլինի:

Ներկայացված թվերին ու սխեմաներին Գեւորգ Պետրոսյանը հեգնանքով է արձագանքել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ֆինանսների նախարարին հարցրել է. այս բյուջեի կատարման արդյունքում ժողովուրդը, ի վերջո, կզգա՞ թեկուզ շատ աննշան, բայց տեսանելի փոփոխություն: Արամյանն էլ փոխադարձ հարցրել է. դուք ի՞նչ գործիքով եք չափում կյանքի որակի փոփոխությունը: Իսկ կառավարության երաշխիքները ներկայացված են բյուջեի նախագծում: Հանրապետական Գագիկ Մինասյանն ընդհատել է գործընկերոջը, պատգամավորները սկսել են վիճաբանել: 2018 թվականի պետբյուջեի նախագիծը կներառվի նոյեմբերի 14-ին մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում: Մինչ այդ, այն ըստ ոլորտների կքննարկվի խորհրդարանական մշտական հանձնաժողովներում:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված 2 մեղադրանքներից ոչ մեկը: Այսօր դատարանում նա ցուցմունք է տվել ու եւս մեկ անգամ պնդել, որ դեպքի հետ որեւէ կապ չունի, գործին առնչվել է այնքանով, որ ռազմամթերքը ձեռք բերելու գործարքը չի կայացել իր խորհրդով: Դատավորի հարցին, թե ինչո՞ւ է գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն «Իգլա»-ի  լուսանկարն իրեն ցույց տվել եւ կարծիք հարցրել, Սամվել Բաբայանը նշել է, որ Սանասարն իրեն վստահել է, իմացել է, որ ինքը հասկանում է «Իգլա»-ից, այդ պատճառով էլ իրեն է դիմել:

Սամվել Բաբայանը չի ընդունել նաեւ իրեն առաջադրված փողերի լվացման մեղադրանքը: Նշել է, որ Մոսկվայում բնակվող իր ծանոթը՝ Վասիլին, գումար է պարտք եղել՝ 35 հազար դոլար, որի մի մասը եվրոյով է վերադարձրել, սակայն եվրոները ներկված են եղել: Ինքն էլ փորձել է պարզել՝ հնարավո՞ր է դրանք մաքրել կամ փոխանակման կետում փոխանակել։ Ի դեպ՝ Բաբայանի փաստաբանն այսօր իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ փոխարինելու կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել: Դատավորը մերժել է՝ հիմնավորելով, որ Բաբայանը, ազատութան մեջ գտնվելով, կարող է անօրինական կերպով ազդել դատաքննության ընթացքի վրա։

Հոկտեմբերի 30-ին դոլարն ու եվրոն փոքր-ինչ թանկացել են: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հոկտեմբերի 31-ին հանրապետության արեւմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 6-7 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ