News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը նախկինում նույնպես հետապնդել է նախկին կնոջը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ պատանդառու Արգամ Հ.-ն մի քանի ամիս է ապրել կնոջ հետ, իսկ ամուսնալուծվելուց հետո նրան մշտապես հետապնդել է։ Նա պարբերաբար դարանակալել է կնոջ տան մոտ, փորձել է տուն ներխուժել եւ վեճի բռնվել ընտանիքի անդամների հետ։

Կնոջ հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ մի անգամ էլ ոչ սթափ վիճակում հարվածել է նախկին կնոջ տարեց տատին եւ հորը։ Նրանք ոստիկանություն են դիմել, քննությունը մինչեւ հիմա շարունակվում է, սակայն այս գործով տղամարդը դեռ որեւէ կարգավիճակ չունի։ Ի դեպ՝ նա ապրում է հոր հետ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պահում էր 3-ամյա երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով: Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդն անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է:

Տպել
Ամենաշատ