Երեւանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստին Արաբկիրի մշակութային կենտրոն համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը 10 տարով տրամադրվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը պատկանում է դերասան Հրանտ Թոխատյանին, Արամ Թոխատյանին եւ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կենտրոնի մշակութային գործունեություն եւ վերանորոգման ծրագիրը ավագանու նիստին ներկայացրեց դերասան Հրանտ Թոխատյանը: Նա նշեց, որ թեեւ «Կանազ» մշակութային կենտրոնի շենքը դրսից բարվոք է երեւում, սակայն ներսից այն ամբողջությամբ քանդված է եւ հիմնադրամը 10 տարվա ընթացքում փորձելու է 1 մլն դոլարին համարժեք դրամով վերանորոգել շենքը եւ այնտեղ հիմնել մանկական թատրոն:

Հրանտ Թոխատյանի խոսքով, 10 տարրին շատ քիչ է բոլոր ծրագրերն իրականացնելու համար. նա ավագանուց խնդրեց երկարաձգել շենքի տրամադրման ժամկետը: Ի պատասխան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այժմ քննարկվում է միայն շենքը 10 տարով տրամադրելու հարցը:

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն էլ հայտարարեց, որ շենքն այս հիմնադրամին տրամադրելու գործընթացը եւս մեկ կոռուպցիոն գործընթաց է, որը ղեկավարում է նիստը վարողը (նկատի ունի Տարոն Մարգարյանին-խմբ): Նա նշեց, որ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը եւ Հրանտ Թոխատյանը մշակութային այն գործիչներն են, որոնք տարիներ շարունակ լռել են եւ մաս կազմել գավառապետական իշխանության:

«Արմեն Համբարձումյանը 2,5 տարի է նշանակված է այդ շենքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ այս ընթացքում նա այդ շենքն ավեակների է վերածել: Այնտեղ կառուցել է սաունա, հարսանյաց սրահ, ստրիպտիզ կլաբ, եւ այս բարբարոսությունները շարունակելով դուք ապահովում եք միայն գավառական թամադայի հետագա գործունեությունը»,-ասաց Աղեկյանը:

Նա նաեւ նշեց, որ Հրանտ Թոխատյանը եղել է Երեւանի նախկին ավագանու անդամ, եւ բազմաթիվ այսպիսի որոշումների կողմ է քվեարկել, ու այսօր հենց այս պատճառով էլ այս շենքը նվիրում են նրան: