News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սկսվեց վկաների հարցաքննության փուլը:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջինը հարցաքննվեց Գեղամ Սահակյանը: Նա նշեց, որ ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում խարդախության մեղադրանքով դատապարտված է եղել, ներկայումս աշխատում է տոնավաճառում որպես պահակ:

Վկան պատմեց, որ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին ճանաչում է 2015թ.-ից, մտերիմ հարաբերությունների մեջ են եղել: Անդրադառնալով 2016թ. հուլիսյան դեպքերին՝ Գեղամ Սահակյանը հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին, որն էլ իրենից հետաքրքրվել է, թե Գլինկա եւ հարակից փողոցներում ոստիկաններ կան, թե ոչ:

«Ես էլ հարցրի, թե որն է Գլինկա փողոցը, Անդրիասը բերեց քարտեզ, որի վրա նշումներ կային, ցույց տվեց այդ փողոցը, ես էլ ասացի՝ էդ հատվածում ոստիկաններ չկան: Հարցրի, թե ինչի համար ես հարցնում, Անդրիասն ասաց, որ միտինգ պիտի անենք, ժողովրդին տանենք, բորբոքենք, որ գնանք, տղաներին միանանք: Անդրիասն ասաց, որ պիտի ժողովրդին ոգեւորեին, անպայման պիտի միանան, տղաները մեզ են սպասում: Անդրիասն ասաց՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք: Նա ինձ ասաց նաեւ, որ երկու տարբեր փողոցներով մարդկանց պիտի տանենք, որ ոստիկանությանը խուճապի մատնեն: Ես էլ ասի՝ զգույշ եղի, եթե Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են, քեզ էլ կձերբակալեն»,- ասաց վկան:

Հուլիսի 29-ին կեսգիշեր անց, ըստ վկայի, ինքը զանգել է Անդրիաս Ղուկասյանին, երբ լսել է այդ իրադարձությունների մասին, սակայն հեռախոսին պատասխանել է Անդրիաս Ղուկասյանի կինը. «Տիկին Անահիտն ասաց, որ Անդրիասը հեռախոսը տանն է թողել, դրանից հետո որոշ ժամանակ անց ինձ քննիչները կանչել են»:

Ամբաստանյալի հարցին՝ ինչու է թաքցրել տեղեկությունները, որ 20 տարի է՝ հաշվառված է «Ավան» հոգեբուժական կենտրոնում եւ այդ ընթացքում նաեւ հարկադիր բուժում է ստացել, Գեղամ Սահակյանը պատասխանեց. «Դա իմ անձնական խնդիրներն են, այս դատի հետ կապ չունի… այո, ես բուժում ստացել եմ, թե ինչ հիվանդությամբ եմ բուժում ստացել, չգիտեմ, չեմ հարցրել»:

Հիվանդության վերաբերյալ այլ հարցեր դատավորը թույլ չտվեց հնչեցնել՝ պատճառաբանելով, որ դրանք մեղադրանքի հետ առնչություն չունեն:

Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվեց՝ ինչու է թաքցրել նախաքննական մարմնից, որ 2016թ. հուլիսի 17-ին առավոտյան 08:00-ի սահմաններում երեք անգամ խոսել է Գագիկ Եղիազարյանի հետ, վկան պատասխանեց. «Ինձ դրա մասին չեն հարցրել, թե ինչ եմ ես խոսել Գագոյի հետ, չեմ կարա ասեմ, կներեք, կարող ա շատ բան խոսած լինեմ: Ինձ Գագոն ասաց՝ մարդ հավաքի, ես էլ ասել եմ՝ չեմ կարա»:

Այնուհետեւ վկան հերքեց ինքն իրեն՝ նշելով, որ Գագիկ Եղիազարյանի եւ իր միջեւ հեռախոսային խոսակցությունների մասին քննիչը մեկ անգամ հարցրել է, ինչին պատասխանել է՝ Անդրիաս Ղուկասյանի հարցով:

Նշենք, որ Գեղամ Սահակյանն ու Գագիկ Եղիազարյանը, ըստ գործում առկա նյութերի, հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին բազմիցս զրուցել են: Ամբաստանյալի դիտարկմանը՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» շատ անդամներ կալանավորվել են միայն «Սասնա ծռերի» անդամների հետ հեռախոսով մեկ անգամ խոսելու համար, Գեղամ Սահակյանն արձագանքեց. «Իմ հետեւից էլ էին եկել, բայց տեսնելով մորս անկողնում, նկարել են մորս ու գնացել, ինձ էլ ասել են՝ քաղաքից չհեռանաս»:

Վկան հերքեց ամբաստանյալի հայտարարությունը, թե 2016թ. հուլիսի 22-ին իրենից հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում Գարեգին Չուգասզյանը: Դատավոր Վարդան Գրիգորյանը հորդորեց հարցեր տալ մեղադրանքի վերաբերյալ: Պաշտպան Կարեն Մեժլումյանը, սակայն, առարկեց՝ նշելով, որ վկան ոստիկանության կողմից ներկայացված գործակալ է եւ զանգել է՝ փորձելով ճշտել, թե կոնկրետ որտեղ է գտնվում Չուգասզյանը: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ՝ վկայի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Ամբաստանյալը հայտարարեց, որ ոստիկանության գործակալներն օրենքով են նախատեսված, պաշտպանված են եւ դա վիրավորական արտահայտություն չէ: Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գործակալները դատարաններում ցուցմունք չեն տալիս, ինչին ամբաստանյալի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանն արձագանքեց՝ Գեղամ Սահակյանը բացահայտված գործակալ է:

Անդրիաս Ղուկասյանի հարցին՝ ինչպես կարող էին իրենք ընկերություն անել, եթե ինքը առաջատար ճարտարապետական ընկերության ղեկավար է, քաղաքական գործիչ, իսկ Գեղամ Սահակյանը՝ հաշվառված հոգեկան առողջության կենտրոնում, խարդախության համար դատված, վերջինս արձագանաքեց. «Մենք մտերիմներ ենք եղել, դու ինձ հետ կիսվել ես, ընկերներ ենք եղել… երբ պետք ա եղել, զանգել ես, կանչել ինձ, օգնել եմ քեզ»:

Թե կոնկրետ ինչ հարցով է նախկինում դիմել Անդրիաս Ղուկասյանն իրեն, վկան հստակ պատասխան չտվեց:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ