Բոլոր դիմողներն էլ հարկային արտոնություններ ստանում են, ո՞վ ասաց պաշտոնյաների ազգականները չեն կարող օգտվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա չհերքեց, որ իր որդիները բիզնես ունեն, որին կառավարությունը հարկային արտոնություններ է շնորհել, սակայն այդ արտոնությունը, որը վերաբերում ավտոմեքենաների սարքավորումներին, շնորհվել է բոլորին, որոնք կփորձեն դրսից ներմուծել դրանք:
«Արտոնություններ տրվում է բոլոր այն ընկերություններին, որոնք դիմում են համապատասխան մարմիններին: Բոլոր նրանք, ովքեր էդ մասով ներդրումներ են անում, այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտում, ստանում են: Մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի 1-ից ազատվում է, և այդ արտոնությունը տրվել է այն կոնտեքստում, որ ամսի մեկից նորից այդ գանձած գումարների հետ վերադարձի խնդիր չառաջանա: Եվ չկա ընկերություն, որը դիմած լինի և այդ արտոնությունից ստացած չլինի»,- ասաց Վարդան Հարությունյանը:
«Իսկ ո՞վ ասեց, որ պաշտոնյաները իրավունք չունեն, պաշտոնյաների ազգականները իրավունք չունեն: Սահմանափակում կա՞: Ես բարձրաձայն հնչեցնում եմ, որ բոլորին է թույլատրվում, բոլոր էն տնտեսվարողները, ովքեր դիմում են, ստանում են էդ արտոնությունը, ավելին, հունվարի 1-ից դա բոլորի համար է գործելու»,-վրդովվեց ՊԵԿ նախագահը:
Դիտարկմանը, որ կառավարությունը հայտարարում է, որ պայքարում է շահերի բախման դեմ, բայց զուգահեռ արտոնություններ են տրվում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, Վարդան Հարությունյանն արձագաքեց. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն: Թող գյուղացիներն էլ նույնն անեն, ոչ մի արգելք չկա: Ո՞վ ասաց, իմ որդիները ապրանքը արտահանում են: Լավ, եղավ, հասկացանք, ներդրում էլ չենք անի էս երկրում, ամեն ինչ հասկանալի ա»:




























