Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ՀՀ Բանկերի միության, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այսօր կազմակերպվել է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։
Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որին մասնակցել են համալսարանի ուսանողները եւ պրոֆեսորա-դասախոսական կազմը։
Հանդիպման հիմնական բանախոսը ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների բաժնի պետ Նարեկ Ղազարյանն էր, որի կողմից ներկայացվել է «Խնայողությունների ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա» շնորհանդեսը։ Շնորհանդեսի նպատակն էր ապագա տնտեսագետներին ներկայացնել խնայողությունների եւ տնտեսական աճի կապը։
Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից՝ 1924 թվականին, որտեղ կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվել է համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը ողջ աշխարհում։