News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխայի պատանդառած, դանակով նախկին կնոջը, իսկ հետո ինքն իրեն վնասվածքներ հասցրած Արգամ Հովիկյանը ձերբակալվել է, հարուցված քրեական գործով 3 անձ տուժող է ճանաչվել: Տղամարդը երեկ ուշ երեկոյան վիրահատվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը միջին ծանրության է գնահատվում: Վիրահատվել եւ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել նաեւ Հովիկյանի նախկին կինը: 23-ամյա կինը մանկապարտեզի տնօրենի դուստրն է, այնտեղ դաստիարակչուհի է աշխատում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արգամ Հովիկյանը կնոջ հետ մի քանի ամիս է ապրել, իսկ ամուսնալուծվելուց հետո մշտապես հետապնդել է նրան: Նա պարբերաբար դարանակալել է կնոջ տան մոտ, փորձել տուն ներխուժել, վեճի է բռնվել ընտանիքի անդամների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին դանակով զինված Արգամ Հովիկյանը գնացել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ՝ նախկին կնոջը տեսնելու: Նրան հանդիպել է մանկապարտեզի բակում, դանակով վնասվածք հասցրել, բայց կնոջը հաջողվել է փախչել: Հետո տղամարդը ներխուժել է մանկապարտեզի շենք ու պատանդ վերցրել 3 տարեկան մի երեխայի ու դաստիարակներին. նա հանդիպում է պահանջել նախկին կնոջ եւ երեխայի հետ: Պատանդառուի հետ իրավապահների երկարատեւ բանակցություններից հետո մանկապարտեզի ներսում կրակոցներ են հնչել, ինչից հետո շենքից դուրս են բերել ավելի քան 4 ժամ պատանդ պահվող 3-ամյա երեխային. նա վնասվածքներ չի ստացել:

2018 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիան չի թանկանա, սակայն ջրի սակագնի հարցը դեռ պետք է քննարկվի: Ազգային ժողովում բյուջե-2018-ի քննարկումներին մասնակցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ «Վեոլա ջուր» ընկերությունը 1 խ.մ.-ի սակագինը 14 դրամով կամ 7.7 տոկոսով թանկացնելու հայտ է ներկայացրել: Եթե այն հիմնավորված համարվի, ապա 180 դրամի փոխարեն ջրի սակագինը կկազմի 194 դրամ:

2016 թվականի մայիսից գազալցակայաններում հեղուկ գազի 1 խ.մ.-ի համար 8.33 դրամի ակցիզ է մտցվել, որը 2018 թվականի հունվարից կբարձրանա եւ կկազմի 25 դրամ: Սակայն, ըստ ՊԵԿ փոխնախագահի, ակցիզի թանկացման հետեւանքով տրանսպորտի ուղեվարձը չպետք է թանկանա: Վախթանգ Միրումյանը պարզաբանել է. 2017-ի հունվարից երկրում գազն էժանացել է, ինչի արդյունքում նվազել է նաեւ հեղուկ գազի գինը՝ մեկ խորանարդ մետրը 200 դրամից մինչեւ 170-180 դրամ: Հիմա պարզապես սակագինը կվերադառնա նախկին մակարդակին:

Իսկ Ազգային ժողովի շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել երկու տոնավաճառների առեւտրականները: Նրանք դժգոհում են, որ  հարկային ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ են պահանջում, ինչը, ըստ նրանց, ավելորդ ու բարդ թղթաբանություն է եւ հավելյալ ծախսեր է պահանջում: ՊԵԿ նախագահը հակադարձում է. իրենք անվճար հաշվապահական ծառայություն են առաջարկել:

Լրագրողները Վարդան Հարությունյանին հարցրել են նաեւ, թե ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության հարկային արտոնություններից օգտվում են հիմնական պաշտոնյաների հետ փոխկապակցված տնտեսվարողները: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ արտոնություններից սահմանված կարգով օգտվում են բոլորը: Իսկ իր որդիների բիզնեսների մասին հարցը վերջնականապես հունից հանել է Հարությունյանին:

Երեւանի ավագանու հերթական նիստն այսօր էլ թեժ մթնոլորտում է անցել: Օրակարգի գլխավոր հարցն «Արաբկիրի մշակութային կենտրոն»-ի՝ հայտնի Կանազի մշակույթի պալատի շենքը 10 տարով անհատույց դերասան Հրանտ Թոխատյանին պատկանող հիմնադրամին տրամադրելն էր: Դեմ են քվեարկել «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք անդամները, իսկ հարցի քննարկման ժամանակ փորձել են հիմնավորել, թե ինչու: Սոնա Աղեկյանը դերասանին մեղադրել է իշխանություններին ծառայելու եւ տարիների լռության դիմաց շենքը նվեր ստանալու մեջ՝ նրան անվանելով «գավառական թամադա»:

Դերասանն էլ հայտարարել է, որ քանդված վիճակում գտնվող շենքը վերանորոգվելու է, հիմնվելու է մանկական թատրոն: Իսկ «գավառական թամադա» արտահայտությանն էլ պատասխանել է, թե միայն հարսանիքի է գնացել, դրա համար էլ իրեն որպես թամադա է ճանաչում: Եթե թատրոն էլ գնար, կիմանար, որ ինքը նաեւ դերասան է:

Ավագանու նիստում միջադեպերն այսքանով չեն սահմանափակվել: Կրքերը բորբոքել են նաեւ «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանն ու «Ելք»-ից Անի Խաչատրյանը: Երբ Մարինա Խաչատրյանի երկարաշունչ ելույթից հետո Անի Խաչատրյանը քմծիծաղով արձագանքել է, թե ավագանու անդամը, երեւի, ելույթին երկար էր պատրաստվել, «Երկիր Ծիրանի»-ի անդամը նրան հանգստացնող դեղորայք է առաջարկել:

Համացանցում ապօրինի որսի մասին վկայող հերթական լուսանկարներն են հայտնաբերվել: EcoNews.am բնապահպանական կայքի հրապարակման «հերոս որսորդն» այս անգամ հոգեւորական է, կայքի տվյալներով՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու եւ Նոր Եդեսիա համայնքի հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ քահանա Գափոյանը: Մասնագետների հավաստմամբ՝ 2011-2012 թվականներին հրապարակված նկարներում պատկերված սպանված թռչունները մկնաճուռակի տարատեսակներ են՝ տափաստանային եւ մարգագետնային մկնաճուռակներ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում: Մարգագետնային մկնաճուռակների թիվը, նախնական գնահատմամբ, Հայաստանում 5-10 բնադրող զույգ է կազմում, իսկ տափաստանային տեսակի հստակ թիվը հայտնի չէ:

Լեւոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում պահպանել է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը շարունակում է մնալ նույնը՝ 2801: ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որի վարկանիշը հասել է 2837: Նշենք, որ 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ. Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 97-րդը:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, ռուբլին փոքր-ինչ թուլացել է: Հոկտեմբերի 31-ին դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Նոյեմբերի 1-ին հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրեւ, 2-5-ը՝ առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ