News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը Ադրբեջանի հանդեպ որոշակի  խստացումների է դիմել, որն էլ այդ երկրի իշխանություններին ստիպել է ընդդիմության որոշակի զիջումներին համաձայնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ  Լարիսա Ալավերդյանը:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ադրբեջանին իր աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական դիրքի կապակցությամբ շատ բան է ներվել, ներվում է եւ կներվի:

 «Երբ այդպիսի գործընթաց է գնում, ներքին ընդդիմությունն անպայման օգտագործում է այդ պահը», - բացատրել է նա՝ հավելելով, որ 90-ականների Ադրբեջանի Ազգային ճակատը ի սկզբանե հակասական կազմակերպություն էր:

Ալավերդյանը նշել է, որ սխալ կարծիք կա, որ ԱԱՃ-ի ներկա մնացորդները՝ ի դեմս ժամանակակից ընդդիմության, բացառապես ժողովրդավարական հայացքներ ունեն, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ շարժման մեջ ազգայնական տրամադրություններն ի սկզբանե կային: Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Ազգային ճակատի առաջնորդները բոլոր կոտորածների, հատկապես Բաքվում  հայկական կոտորածների կազմակերպիչներն էին եւ չի բացառվում, որ նույնիսկ իրագործողներն էին», - ընդգծել է իրավապաաշտպանը՝ հավելելով, որ պետք է բավական զուսպ լինել Ադրբեջանում կատարվածը գնահատելիս, միեւնույն ժամանակ չհերքելով, որ այդ երկրին փոփոխություններ են անհրաժեշտ:

Իրավիճակն Ադրբեջանում ըստ իրավապաշտպանի, խորացնում են ավտորիտար ռեժիմը եւ կլանային համակարգը, որոնք ներքին եւ արտաքին ուժերին շատ են նյարդայնացնում:

Հայաստանի առաջին օմբուդսմենն ընդգծել է, որ ընդդիմության հանրահավաքներում հնչած հիմնական թեզը անմիջականորեն կապված էր Ղարաբաղյան խնդրի լուծման հետ: Ցուցարարները քննադատում էին ներկայիս իշխանությանը, հիմնականում նրանում, որ այն այսքան տարիների ընթացքում չի կարողացել «վերադարձնել օկուպացված տարածքները»:

«Ես ոչ մի հույս չեմ կապում, որ բողոքող ընդդիմությունը պատրաստ է իր հարեւանների հետ որեւէ այլ հարաբերությունների, քան գործող իշխանությունը», - եզրափակել է Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Բաքվում տեղի ունեցավ ընդդիմության զանգվածային հանրահավաք: Ցուցարարները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին կոռուպցիայի համար եւ պահանջել հրատապ իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ , քաղբանտարկյալների ազատ արձակել: Չնայած Ադրբեջանի իշխանությունների ճնշմանը՝ հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ: Ժամանակակից ընդդիմության հիմքը 90-ականներին իշխող Ադրբեջանի Ազգային ճակատի մնացորդներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ