News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին եւ անելիքներին, քննարկվեց  երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները: 

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարեւոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվո՞ւմ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովո՞ւմ են երկրի զարգացման դրական ընթացքը: Ներկայացված զեկույցների ու ծավալված քննարկման արդյունքում  կատարվեցին հետեւյալ հիմնական հաստատումները.

1. Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայամաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետեւանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ:

2. Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնած կուսակցական գործիչներն իրենց աշխատանքում պետք է շարունակեն առաջնորդվել սոցիալական հիմնախնդիրների լուծման եւ սոցիալական արդարության ապահովման գիտակցումով:

3. Կուսակցության ծրագրերի եւ մոտեցումների պետական քաղաքականության վերածվելը պահանջում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմիններում  առավել ակտիվ եւ նպատակասլաց գործունեություն: Կարեւոր է հատուկ ուշադրություն դարձնել  2018թ. պետական բյուջեի նախագծին՝ այն գնահատելով ռազմավարական ծրագրերի իրականացման հետ համարժեք լինելու տեսանկյունից:

4. Կարեւորելով ընթացող բարեփոխումները՝ առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման եւ գործադրման արդյունավետությունը: Արդյունավետ կառավարումը երկրի գրավչության եւ ներդրումների ապահովման կարեւորագույն գրավականն է եւ պահանջում է ոչ միայն իրավական դաշտի բարելավումներ, այլ, հատկապես, գործադրման արդյունավետ եւ հետեւողական ընթացք:

5. Սահմանադրական նոր կարգի հաստատման համատեքստում առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության եւ իրավահավասարության իրական միջավայր:

6. Կրթության եւ գիտության ոլորտում բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են հետեւողական աշխատանք եւ ճշգրիտ լուծումներ. կարեւորագույն խնդիրն այդ հարցում մնում է ազգային դաստիարակության ապահովումը: Ոլորտի կառուցվածքային փոփոխությունները դեռեւս չեն հանգեցրել բովանդակային փոփոխությունների եւ կրթության որակի բարելավման, ինչը երկրի զարգացման հիմնական երաշխիքն է:

7. Տարածքային կառավարման բարեփոխումները պետք է ապահովեն երկրի համաչափ զարգացումը: Մարզերում եւ համայնքներում առկա ռեսուրսների եւ ներուժի արդյունավետ գնահատման, օգտագործման, իրատեսական ծրագրերի մշակման եւ գործադրման, համայնքների խոշորացման միջոցով անհրաժեշտ է հասնել տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության եւ լիարժեք միջոլորտային համագործակցության:

8. Երկրի զարգացման գրավականներից են բնական միջավայրի եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը: Ոլորտում առկա հիմնական դժվարությունները կապված են բնական ռեսուրսների օգտագործման ծավալների, բնապահպանական ռիսկերի գնահատման եւ նվազեցման արդյունավետ համակարգի ձեւավորման, ներդրումային դրական միջավայրի ապահովման հետ:

9. Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ դաշնակցական նորանշանակ մարզպետների գործունեությանը, Շիրակում եւ Արագածոտնում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ջանքերի արդյունավետությանը:

Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով: Համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները շարունակելու են մնալ սոցիալական արդարության եւ համերաշխության հաստատումը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ապագայի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ազգային անվտանգության երաշխավորումը, հովանավորչության, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իրական պայքարը եւ համակարգային բարեփոխումների իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ