News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաեւ գյուղերի ուղղությամբ: Սահմանային միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպել ու ամփոփել է կառավարության գործունեությունը: Վարչապետի նախաբանը հակիրճ է եղել՝ հիմնականում թվերի տեսքով: Տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ավելի վաղ արդեն մանրամասն ամփոփել էին իրենց ոլորտների տվյալները: Կարեն Կարապետյանը եւս մեկ անգամ ներկայացրել է, թե այս տարվա ութ ամիսներին որ ոլորտներում ենք աճ ունեցել, որտեղ խնդիրներ ու անելիքներ կան: Վարչապետը նաեւ փորձել է կանխատեսել լրագրողների մի շարք հարցեր ու նախապես թվեր տրամադրել: Ըստ նրա՝ լայն սպառման ապրանքների ներկրմամբ Հայաստանի բնակչության բարեկեցությունը նկատելի է: Ընդգծել է հատկապես մեկ ցուցանիշ. մարդատար մեքենաների ներկրումը 119 տոկոսով աճել է:

2017 թվականի համար կառավարությունը 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր է կանխատեսել: Առաջին 8 ամիսների տվյալներով՝ կատարողականը կազմել է 45 տոկոս: Իսկ մինչեւ տարեվերջ դեռ ժամանակ կա, եւ Կարեն Կարապետյանը հույս ունի, որ կկարողանան ամբողջական կատարված ցուցանիշ ներկայացնել: Լրագրողի հարցին, թե որքանով ճիշտ է այս ցուցանիշում ներառել նաեւ վարկերը, վարչապետն արձագանքել է. իրենք խոսում են ոչ թե ներդրումների, այլ ներդրումային ծրագրերի մասին, որոնք, այո, նաեւ վարկային միջոցներն են ներառում: Վարչապետը նաեւ համոզված է, որ բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է: Այս մասին են վկայում միջազգային վարկանիշերը, իր եւ կառավարության անդամների հետ հանդիպումներում այդ մասին խոսում են նաեւ գործարարները:

Ինչպես եւ սպասվում էր՝ լրագրողները հարցրել են նաեւ, թե 2018 թվականի ապրիլից հետո ով է լինելու վարչապետի թեկնածուն: Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը ստանձնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Պատասխանը, կարծես, չի բավարարել լրագրողներին: Հարցը եւս մեկ անգամ է հնչել: Կարեն Կարապետյանին, սա, կարծես, նյարդայնացրել է. նա դժգոհել է երեւակայության պակասից: Կարեն Կարապետյանին հիշեցրել են, որ մեկ տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արձանագրել է՝ Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է: Հետո հետաքրքրվել են, թե ինչպե՞ս որոշեց անդամագրվել տնտեսությունը այդ վիճակին հասցրած Հանրապետական կուսակցությանը:

Ամիսներ առաջ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ քաղաքական գործիչները «Մոնումենտի» մոտ կանաչ գոտիների հաշվին առանձնատներ են կառուցել: Այդտեղ տարիներ առաջ հողատարածք է գնել նաեւ վարչապետի եղբայրը, բայց այդ ժամանակ արդեն, Կարապետյանի հավաստմամբ, այնտեղ անտառ չի եղել: 2014 թվականին Կարապետյաններն այդ տարածքում տուն են կառուցել, բայց վարչապետն այնտեղ չի բնակվում:

Հավելենք, որ օրվա երկրորդ կեսին արդեն Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ: Այստեղ կայանալու է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում կազմակերպության անդամ պետություններում տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր են:

Շուրջ երկու ամիս անհետ կորած համարվողներին այսօր մահացած են գտել: Երեւան-Սեւան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում երկու դի են հայտնաբերել՝ տղամարդու եւ կնոջ: Մարմինները կապված են եղել պոլիէթիլենային տոպրակով: Շուրջ մեկ ժամ է պահանջվել, մինչեւ ոստիկաններն ու քննիչները կարողացել են դիերի վրայից հեռացնել հողաշերտը: Պարզվել է, որ նրանք Հրազդանի բնակիչներ 53-ամյա Սամվել Ալիխանյանը եւ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն են: Նրանք այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհետ կորած որոնվում էին: Այդ վայրում նաեւ երկաթե ձող են գտել, որն առգրավել են:

Երեւանում նոյեմբերի 1-ի երեկոյան ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել: Արշակունյաց պողոտայում բախվել են Opel մակնիշի մեքենան եւ առանց համարանիշի մոտոցիկլետ, որից հետո վերջինը բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ Opel-ի: Բախումից հետո մոտոցիկլետից ընկած 2 անձանցից մեկը դանակահարել է իրենց բախված Opel-ի վարորդին: 3 մարդ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Համացանցում զարհուրելի կադրեր են պտտվում Ռուսաստանում տեղի ունեցած դեպքից: Մոսկվայում Անդրեյ անունով մի ուսանող սպանել է իր դասախոսին: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ. երիտասարդը դանակով մահացու հարված է հասցրել 44-ամյա դասախոսին, լուսանկարվել, այնուհետեւ ինքնասպան եղել՝ այդ ամենը տեսանկարահանելով ու տարածելով սոցցանցում: Ուսանողի արարքի պատճառը դեռեւս հայտնի չէ: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Երեւանում այսօր բալենի է ծաղկել: Անցյալ տարի այս օրը մայրաքաղաքի բնակիչներն անակնկալի եկան՝ վաղ առավոտյան տեսնելով ձյունով ծածկված փողոցները, իսկ այս տարի եղանակն այնքան տաք է, որ ծառ է ծաղկում: «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը, սակայն, վստահեցնում է, որ այս օրերի տաք եղանակն աննախադեպ չէ, ջերմաստիճանը նորմայի սահմաններում է: Հակառակը, անոմալ ցուրտ էր նախորդ տարի: Իսկ աշնան այս ամսին ծառերի ծաղկման դեպքեր, Գագիկ Սուրենյանի խոսքով, նախկինում էլ եղել են:

Նոյեմբերի 2-ին դոլարը թանկացել է եւս շուրջ մեկ դրամով: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 8 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Նոյեմբերի 3-7-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ