News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Բարձրագույն խմբի «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանը հարվածել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, ՀՖՖ-ն իր կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն Խաշմանյանին որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200 000 դրամով, «Շիրակի» ադմինիստրատորին որակազրկել է 5 խաղով, իսկ  թիմին՝ 150 000 դրամով։

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում  Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը պատմեց միջադեպի մանրամասները։

Ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիում։

Տեսահոլովակը դրված է. եղել է այնպես, ինչպես ցույց է տրված։ Մենք ոչինչ թաքցնելու չունենք։ Ամբողջ խաղի ընթացքում հայհոյանքներ էին հնչում իմ հասցեին, ու սա առաջին դեպքը չէ, այնտեղ միշտ էլ այդպես է լինում։ Այս անգամ մրցավարի սուլիչից հետո ես արագ գնում էի հանդերձարան։ Հայոյանքները շարունակվում էին։ Ես հստակ տեսա, թե ով է ինձ հայհոյում։ Նրանք իջան ներքեւ, ես էլ մոտեցա ճաղերին ու ասացի՝ ամբողջ խաղի ընթացքում հայհոյում եք տրիբունաներից, եկեք դրսում ասեք, ինչ ուզում եք։ Այդտեղ կրկին հնչեցին հայհոյանքներ, ես պատասխանեցի։ Եկան ոստիկանները։ Չգիտես՝ ինչու ինձ բռնեցին, փոխանակ սաստեին իրենց։ Այդ ժամանակ նրանց աշխատակիցներից մեկը եկավ ու հարվածեց ինձ։ Անգամ խաղի չորրորդ մրցավարը խաղի ժամանակ պարբերաբար մոտենում էր ինձ ու ասում ՝ գիտեք այստեղ ինչ լկտի են պահում իրենց, բանի տեղ մի դրեք։

Այս իրավիճակում տասը խաղով Ձեզ որակազրկելը աբսուրդ չե՞ք համարում։

Կեցցե՜ մեր արդար դատարանը։ Սա առաջին դեպքը չէ, որ իմ հանդեպ նման անարդար որոշում են կայացնում։ Սովորոկան բան է դարձել։ Հիշո՞ւմ եք ինչ-որ ժամանակահատված, որ ես որակազրկված չլինեմ։ Կարծում եմ՝ սրանք շատ լավ կազմակերպված ակցիաներ են։ Ոչ ոքի դուր չի գալիս, որ «Ալաշկերտը» արդեն երրորդ տարին գնում է չեմպիոնության։ Մասնավորապես, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը Խաշմանյանն է։ Քանի որ դաշտում ոչ մի բան չեն կարողանում անել իմ դեմ, պետք է դիմեն այսպիսի քայլերի։

Այս պարագայում «Շիրա՞կն» էր այդ գործիքը։

Ես ոչ ոքի անուն չեմ ուզում տալ։  Ինչ կա ես անկեղծ միշտ ասում եմ։ Չգիտեմ ինչու՝ «Շիրակը», բայց մի բան ակնհայտ է, արդեն չորս տարի է, «Շիրակը» չի կարողանում առաջ անցնել «Ալաշկերտից»։ Ես խոսում եմ փաստերով։ Ես մինչև հարյուր տոկոսով չիմանամ, անուններ չեմ կարող տալ ու մեղադրել, բայց փաստերը խոսում են իրենց փոխարեն: «Ալաշկերտը» ոչ միայն առաջնությունում է հաջողություն ունենում, այս փտած առաջնությունում, որտեղ ոչ մի բան չկա, այլ նաև դրսում կարողանում է եվրոպական արենաներում ինչ-որ բանի հասնել՝ նկատի ունեմ առնվազն մեկ փուլ անցնել։

Ես  միշտ ասել եմ, որ հայկական ֆուտբոլի չափանիշը Հայաստանի առաջնությունը չէ, որ ինչ-որ բաներ կարողանան սարքել ու իրար ծափ տալ։ Հայկական ֆուտբոլի չափանիշը Եվրագավաթներն են։ Այնտեղ է երևում մարզչի աշխատանքը։

Վեց թիմանոց առաջնությունում մարզիչներից մեկին զրկեցին երկու տարով, մյուսին տասը խաղով։ Ինչո՞ւ են նման բաներ տեղի ունենում։

Թող մեծամիտ չհնչի, բայց «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ ու առանց նրա տարբեր թիմեր են։ Եթե ուզում են, ապացույցը ժամանակի ընթացքում կտեսնեն։ Չնայած ասեմ, որ չէ․․․իմ պայմանագիրը «Ալաշկերտի» հետ լրանում է դեկտեմբերին, և մենք պատրաստվում ենք երկարամյա պայմանագիր կնքել։ Այդպես է ուզում թիմի նախագահը։ Իհարկե, եթե դրսից լինի հրավեր, ես կգնամ, բայց եթե չէ, ես պատրաստվում եմ երկար ժամանակով գլխավորել «Ալաշկերտը»։ Թող չկարծեն, որ այս որակազրկումով ինձ կարող են կոտրել։ Կարող են անգամ ավելի վատ բաներ անել , ես անգամ սպասում եմ։

Օրինակ ի՞նչ:

Օրինակ ավելի երկար որակազրկումների կարող են գնալ։ Ես, եղել է, որ ղեկավարել եմ դրսից։ Անգամ կարող եմ անցնել այլ աշխատանքի թիմում, բայց շարունակեմ ղեկավարել թիմը։ Խելացիներից խելացիներն են լինում, ուժեղից ուժեղները։ Ամեն բան ունի չափ ու սահման։ Չի կարելի այսպես վերաբերվել մի մարզչի, ով մենակ լավն է տվել հայկական ֆուտբոլին։ Թող մի բան գտնեն, որ ասեն, այս մի բանով վնասել է հայկական ֆուտբոլին։

Իսկ Ձեր հարցին այսպես կպատասխանեմ՝ ես ունեմ ամբիցիաներ, ես ունեմ ինքնասիրություն, ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ, ինձ պետք չէ քավոր-սանիկ հարաբերությունների շնորհիվ աշխատանք գտնել։ Նման մարդկանց չեն ընդունում։ Նրանք սովոր են, որ պետք է ինչ-որ մեկին ղեկավարեն։ Բացի այդ, ես շատ ազնիվ եմ ու ասում եմ այն ինչ կա։ Նրանց դուր չի գալիս, որ մենք հասել ենք այս արդյունքներին, փորձում են հետապնդելով ճնշել, բայց չի հաջողվի։ 

Իսկ ինչո՞ւ այդքան աղմուկ բարձացավ  Գյումրիում այդ միջադեպի լուսաբանման հետ կապված։ Անգամ կայքերից մեկը հեռացրեց իր իսկ տեղադրած լուրը։

Կան կայքեր ու լրագրողներ, որոնք ծախված են և կատարում են պատվերներ։ Սա կլինի իմ վերջին հարցազրույցներից մեկը։ Ես այսուհետ փակ կլինեմ մամուլի համար։ Կշփվեմ միայն այն լրագրողների հետ, ում վստահում եմ։ Նրանք վերցրեցին ու շուռ տվեցին այնպես, ինչպես իրենց էր հարմար։ Բայց այսպես երկար շարունակվել չի կարող։ Ամեն բան ունի սկիզբ ու վերջ։

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ