News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության գործով դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Բժիշկ Գրիգորյանն ու եւս 5 անձ ահաբեկչության համար դատապարտվել էին ցմահ, եւս մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Էդուարդ Գրիգորյանը գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ կենսաբանական մահ են գրանցել: 4 տարի առաջ նա սրտի փականի վիրահատության է ենթարկվել: Նշենք, որ սա այս գործով մեղադրվողների եւ դատապարտվածների շրջանում 4-րդ մահն է: 2014 թվականի ապրիլին մահացել է Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը. պաշտոնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել մենախցում: 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ. մայիսին՝ սրտի կաթվածից: Իսկ գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է մինչ դատավճռի հրապարակումը. նա էլեկտրահարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում: 

Կիրակի՝ նոյեմբերի 5-ին հանրապետության 49 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել համայնքների գերակշիռ մասում, «Ելք» դաշինքը որեւէ համայնքում թեկնածու չունի, Կոտայքի համայնքներում հիմնականում ԲՀԿ-ականներ են առաջադրվել, իսկ ՀՅԴ-ն թեկնածուներ ունի հիմնականում Շիրակում: Քիչ թե շատ ինտրիգային համարվող Արարատ ու Արտաշատ քաղաքներում քաղաքապետի թեկնածուի համար կպայքարեն միայն ՀՀԿ-ական թեկնածուները: Իրավիճակը լարված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. քաղաքապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարելու են գործող համայնքապետ, հանրապետական Յուրիկ Ավալյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանը: Ճամբարակում տարածված տեղեկությունների համաձայն՝ գործող համայնքապետը փորձել է սպառնալիքներով մրցակցին ստիպել հանել թեկնածությունը, սակայն վերջինը որոշել է պայքարել: Լուրեր են պտտվում նաեւ, որ նրան աջակցում են գործող քաղաքապետի նախկին թիմակիցները:

2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներն Ազգային ժողովում շարունակվում են: Պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն այսօր դռնփակ է անցկացվել: Այսօր քննարկվել է նաեւ բյուջեի՝ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններին վերաբերող մասը: Խորհրդարան եկած Շավարշ Քոչարյանից լրագրողները հարցրել են, թե նախագահ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է ԵՄ գագաթնաժողովից առաջ, որի ընթացքում նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը, Մոսկվա մեկնում:

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Արցախի հարցով վերջնական որոշման հնարավոր չի լինի հասնել առանց փոխզիջումների: Շավարշ Քոչարյանը վերահաստատել է. հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած, իսկապես փոխզիջումային որոշում քննարկել: Բայց, նրա խոսքով, Բաքուն պատրաստ չէ դրան: Հրանուշ Հակոբյանին էլ լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ են սփյուռքահայ գործարարներն անդադար բողոքում Հայաստանում բիզնես հիմնելու եւ ներդրումներ անելու դժվարություններից: Սփյուռքի նախարարը վստահեցրել է, որ դժգոհողներն ավելի քիչ են, քան հաջողված բիզնեսի օրինակները: Համոզված է, որ ով ուզում է գործ անել, անպայման կհաջողի:

Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերության արտադրանքից: Աշխարհահռչակ ռոք երաժիշտը Facebook-ում գրել է, որ Monsanto-ի սփրեյները թունավորել են շրջակա միջավայրն ու հանգեցրել մեղուների կտրուկ ոչնչացման, իսկ ընկերության՝ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն է նշանակում:

Օրերս ԱՄՆ դեսպանատունը Երեւանում ներկայացրել է Valmont եւ Monsanto ընկերությունների գործունեությունը: ԱՊՀ տարածաշրջանում Monsanto-ի առեւտրային մենեջեր Ալեքսանդր Զվյագինցեւը, սակայն, վստահեցնում է, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկելու աշխատել գենետեկորեն մոդիֆիկացված արտադրանքով:

Այսօր հայտարարություն է տարածել նաեւ գյուղնախարարությունը՝ նշելով, որ իրենք չեն համագործակցում Monsanto ընկերության հետ: Հայաստանում, հայտարարության համաձայն, հետաքրքրված են միայն օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով:

Նշենք, որ ամերիկյան Monsanto-ն հայտնի է, մասնավորապես, գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի արտադրությամբ: 1901 թվականին ստեղծված ընկերությունը սկզբում միայն քիմիական արտադրանք է թողարկել. նախ՝ սախարին Կոկա Կոլայի համար, իսկ հետո հերթը հասել է կոֆեինին եւ վանիլինին: Հետագայում այն ընդլայնել է քիմիական արտադրության ոլորտում գործունեությունը, իսկ գենետիկորեն մոդիֆիկացված առաջին գյուղատնտեսական կուլտուրաները շուկա է հանել 1996 թվականին: Տարիների ընթացքում Monsanto-ն սերմերի արտադրությամբ զբաղվող 50 ընկերություն է գնել: Ամերիկյան ընկերությանը Երկիր մոլորակի թշնամի են համարում: Բազմաթիվ երկրներում դրա գործունեության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, մարդիկ իրենց կառավարություններից պահանջել են արգելել երկրում ընկերության գործունեությունը:

Աշխարհի խոշորագույն քաղաքներում այսօր մեկնարկել է Apple-ի նոր՝ iPhone X սմարթֆոնի վաճառքը: Հիմնական մոդելը 999 դոլար արժե: iPhone X-ն առաջարկվում է երկու գույնով՝ «մոխրագույն» եւ «մոխրագույն տիեզերք»: Ամերիկյան ընկերության արտադրանքի սիրահարների շրջանում սա մեծ իրարանցում է առաջացրել: Պատճառն այն է, որ գաջեթների քանակությունը խանութներում սահմանափակ է: Շատերը նույնիսկ նախորդ օրվանից են հերթ կանգնել Apple-ի խանութ-սրահների առջեւ: Իսկ Մոսկվայում կայքերից մեկում նույնիսկ iPhone X-ի հերթի տեղերի վաճառքի մասին հայտարարություն է հրապարակվել. «լավ» տեղն այստեղ մինչեւ 125 հազար ռուբլի է արժեցել, այն դեպքում, երբ սմարթֆոնի գինը սկսվում է 79.900 ռուբլուց:

Դոլարն ու եվրոն շարունակում են ամրապնդել դիրքերը: Նոյեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 8 դրամ 28 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Նոյեմբերի 4-7-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա, իսկ հետո 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ