News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը փաստաթղթերի նոր ծավալ է հրապարակել խոշորագույն քաղաքական գործիչների, բիզնեսմենների եւ աստղերի կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ: Ֆայլերն ստացել են «Դրախտային դոսյե» անվանումը:

Ամերիկացի նախարարի ռուսական շահերը

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին կոմերցիոն շահեր են կապում Մեծ Բրիտանիայում գտնվող Navigator Holdings ընկերության հետ, որը համագործակցում է «Սիբուրի»՝ Ռուսաստանի նավթաքիմիական խոշորագույն հոլդինգի  հետ: «Սիբուրը» պատկանում է անձանց, որոնք մտնում են Վլադիմիր Պուտինի մեձավոր շրջապատի մեջ՝ Լեոնիդ Միխելսոն, Գենադի Տիմչենկո, Կիրիլ Շամալով:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նույնպես հիշատակվում է Appleby փաստաթղթերում։

1997 թվականին նա Բերմուդյան կղզիներում գտնվող Marib Upstream Services Company օֆշորային ընկերության տնօրենն էր։ Ընկերությունը կապեր ուներ ExxonMobil–ի  հետ, որն ի վերջո ղեկավարեց Թիլերսոնը, որն այդ պահին գլխավորում էր ExxonMobil–ի Եմենի գրասենյակը։ Մինչ Թիլերսոնը ղեկավարում էր Marib Upstream Services Company–ն, Exxon–ը եւ Hunt Oil–ը զբաղվեցին դեպի Եմեն Մաղրիբում արդյունահանվող գազի արտահանմամբ։

Facebook-ում եւ Twitter-ում ռուսական բաժինը

«Դրախտային դոսյեի» հեղինակների տեղեկություններով՝ ռուսաստանցի ձեռնարկատեր Յուրի Միլները Կրեմլի աջակցությամբ հարյուրավոր միլիոն դոլար է ներդրել Facebook Inc. եւ Twitter Inc ընկերություններում: Twitter-ի բաժնետոմսերի ձեռքբերումը  իրականացվել է ռուսական պետական ՎՏԲ բանկի ֆինանսական աջակցությամբ: Facebook-ում ներդրումներն իրականացվել են «Գազպրոմի» դուստր ընկերության մասնակցությամբ:

Թագուհու բանկիրները ներդրում են կատարել օֆշորային գոտում

Լանքասթերի դքսությունը, որը կառավարում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անձնական եկամտի ակտիվները, 2004-2005թթ. մոտ 10 մլն ֆունտ ստեռլինգի ներդրում է կատարել Կայմանյան կղզիներում գրանցված հիմնադրամում: Այս հիմնադրամը փող էր ներդնում մի ընկերության մեջ, որը վերահսկում էր տարեկան գրեթե 100 տոկոսով հաճախորդներին միկրովարկեր տրամադրող սկանդալային BrightHouse ֆինանսական կազմակերպությունը։

Nike. փախուստ հարկերից

Համաշխարհային հռչակ ունեցող մարզահագուստ եւ կոշիկ արտադրող Nike Inc.-ը ֆինանսական այնպիսի սխեմա է կառուցել, որը օֆշորների օգնությամբ Բերմուդյան կղզիներում, իսկ ավելի ուշ Նիդեռլանդներում ընկերությանը  թույլ է տվել ԱՄՆ սահմաններից դուրս խուսափել միլիարդավոր եվրո հարկերի վճարումից:

«Խնձորում»

Ամերիկյան Apple ընկերությունը, որը շուկայական կապիտալիզացիայով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, նույնպես գրանցված էր «հարկային դրախտի» երկրներից մեկում, վկայում են հետաքննության արդյունքները:

Կանադան էլ զերծ չի մնացել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մերձավոր օգնական Սթիվեն Բրոնֆմանը ներգրավված էր կասկածելի բիզնես սխեմաների մեջ: Օֆշորներում նրա հետ կապված ընկերությունների միջոցով երկրից, հնարավոր է, դուրս են բերվել միլիոնավոր դոլարի հարկային վճարումներ: Ո՛չ Թրյուդոն, ո՛չ նրա օգնականը լրագրողների հարցումը չեն մեկնաբանել:

Շվեյցարական Glencore-ը երկրին հարյուրավոր միլիոններից է զրկել

Դոսյեում շրջանառվում է նաեւ հումքի եւ հազվագյուտ մետաղների աշխարհում խոշորագույն մատակարար շվեյցարական Glencore ընկերությունը: Ենթադրվում է, որ ընկերությունը կարող էր Կոնգոյում հումք արդյունահանելու գործարք կնքել խոշոր կաշառքի շնորհիվ: Դրա հետեւանքով պետությունը զրկվել է հարյուրավոր միլիոն դոլարի հարկային մուտքերից:

Դոսյեի գերմանացի ֆիգուրանտները հարկերը չեն վճարել

Դոսյեի փաստաթղթերը հասնում են մինչեւ միլիարդատեր Քուրթ Էնգելհորնի ընտանիք, իսկ դա նշանակում է հարկերը չվճարելու վերաբերյալ Գերմանիայի խոշորագույն քրեական գործերից մեկին: Նաեւ ներկայացնում է, թե ինչպես է խաղատնային բիզնեսի սեփականատեր Պաուլ Հաուզելմանն օգտագործում Մեն կղզու օրենքները, որպեսզի գումար վաստակի ազարտային խաղերից, որոնցից մի մասն արգելքի տակ է:

ՌԴ փոխվարչապետ Շուվալովի կինն ու որդին

Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը՝ Օլգան, Appleby-ի ֆայլերում շրջանառվում է որպես Altitude X3 Ltd ընկերության շահառու, որը հիմնադրվել է 2008 թվականին Բերմուդյան կղզիներում: Ըկերությունը Bombardier BD-700-1A10 օդանավ ունի, որով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության համաձայն՝ Օլգա Շուվալովան նաեւ ցուցահանդեսներ շներ է տարել:

Նախապես ընկերության բաժնետերերն էին սենատորներ Սուլեյման Քերիմովը եւ Նարիման Հաջիեւը, ում նրա ազգականն են համարում: Սակայն 2009 թվականից ընկերության ղեկավարն է դարձել Շուվալովի ակտիվների կառավարիչը՝ Իգոր Կոտլյարենկոն: Իսկ 2010 թվականին ընկերության սեփականատեր է դարձել Օլգա Շուվալովայի Radcliff Business Limited օֆշորը: Ավելի ուշ Appleby-ի ռուսաստանյան շփումներում հայտնվել է նաեւ Եվգենի Շուվալովի՝ փոխարչապետի որդու անունը:

Իգոր Սեչինի նախկին կինը եւ դեւելոպերյան նախագծերը

«Ռոսնեֆտի» ղեկավարի նախկին կին Մարինա Սեչինան, որը, նրա ամուսնու հայտարարագրի համաձայն, մի քանի տարի եկամուտներ է ստացել, ամուսնալուծվելուց անմիջապես հետո Appleby-ի տեղական իրավաբանական ընկերության միջոցով ընկերություն է բացել Կայմանյան կղզիներում: Ընկերությունը կոչվում էր S Holdings Ltd:

Այս ընկերությանը գրանցել են 2012 թվականին Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում բանկիր եւ արդյունաբերող Յուլիուս Մայնլի դեւելոպերյան նախագծերին մասնակցելու համար, որն անցել է խարդախության գործով: Հայտնի չէ, թե Սեչինան որքան է ներդրել Մայնլի հետ համատեղ նախագծում: 2013 թվականից Սեչինան բաժնեմասեր է ձեռք բերել ռուսական ընկերություններում:

Ալիշեր Ուսմանովը եւ Facebook

Երբ գործարար Ալիշեր Ուսմանովը ղեկավարում էր «Գազպրոմի» կառույց «Գազպրոմ ինվեստհոլդինգը», այն Բրիտանական Վիրջինյան կղզիներում ֆինանսավորում եւ վերահսկում էր Kanton Services ընկերությունը: Իսկ այս ընկերությունը ձեռնարկատեր Յուրի Միլների ներդրումային հիմնադրամում դրամական միջոցներ էր ներդրել Facebook-ի բաժնետոմսերը գնելու համար: Այս մասին վկայում են Appleby-ի փաստաթղթերը:

Ուսմանովի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Facebook-ում կատարված նրա ներդրումներում չեն օգտագործվել պետության ենթակայության ներքո գտնվող ընկերությունների միջոցները:

Վլադիմիր Պուտինի համակուրսեցին

Ռուսաստանցի ազդեցիկ փաստաբան եւ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Նիկոլայ Եգորովը 2015 թվականին գնել է Ռուսաստանում մասնավոր նավթ արդյունահանող Անտիպինսկի գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսը: Սակայն բաժնետոմսերի ամբողջ 100 տոկոսը գրավադրված էր Խնայբանկում՝ 1,8 մլրդ դոլար վարկի դիմաց, այսինքն՝ գործարքը կնքելու համար անհրաժեշտ էր, որ դրան բանկը հավանություն տա:

Այդ ժամանակ Եգորովն օգտվել է Appleby ընկերության ծառայություններից եւ 20 տոկոս բաժնեմասի փաթեթը Անտիպինսկի գործարանի հիմնադիր Դմիտրի Մազուրովի ընկերությունից անցել է սեյշելյան MainProjects Corporation-ին: Ըստ որում՝ MainProjects-ը պարտավոր էր գործարքն ավարտելուց անմիջապես հետո ինքնալուծարվել եւ բաժնետոմսերը փոխանցել իր միակ բաժնետիրոջը: Բանակցությունների նախնական փուլում այդ բաժնետերը Նիկոլայ Եգորովն էր:

Կիրակի հրապարակված փաստերը բացահայտումների միայն փոքր մասն են, որոնք կհրապարակվեն շաբաթվա ընթացքում: Հետաքննությունը կբացահայտի փաստաթղթերում առկա հարյուրավոր մարդկանցից եւ ընկերություններից մի քանիսի հարկային եւ ֆինանսական գործարքները:

Հետաքննությունը ներկայացնում է, թե ինչպես են քաղաքական գործիչները, անդրազգային կորպորացիաները եւ հայտնի անձինք օգտագործում տրաստների, հիմնադրամների եւ պատյան ընկերությունների խճճված սխեմաները հարկերից խուսափելու համար կամ իրենց գործարքները թաքցնում գաղտնիության քողի հետեւում: Գործարքների մեծ մասը առանց օրենքի խախտման է կատարվել:

Նյութը պատրաստվել է BBC,  DW,  Նովայա Գազետա-ի հրապարակումների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ