Ինչու են Հայաստանի 2018 թվականի բյուջեի նախագծով հանվել անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի ֆինանսավորման համար տրվող գումարները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Աժ-ում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ հարց բարձրացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ նպատակով բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում: Փաշինյանի խոսքով՝ ոչ միայն կարելի էր չկրճատել այդ ծախսերը, այլեւ քառապատկել այդ գումարը մոր եւ մանկանն ուղղված միջոցների հաշվին, որտեղ 700 մլն դրամի կրճատում է տեղի ունեցել, քանի որ քիչ ծնունդներ են եղել:

Ի պատասխան առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց, որ անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը հանելու պատճառը ծրագրի սղություն է ու անհնարինությունը գտնել հասցեագրված այն զույգին, որին անհրաժեշտ է օգնել: «78 մլն դրամը շատ քիչ է, որը եւ սուբյեկտիվիզմի եւ անարդյունավետության տեղիք է տալիս: Յուրաքանչյուր երեխան նստում էր 12 մլն դրամ, մենք ունենք բազմաթիվ այլ ծրագրեր երիտասարդ ուռոլոգներից, որոնք ավելի շատ կբարձրացնեն անպտղության բուժումը, եւ այդ ծրագրերը հիմա ուսումնասիրվում են: հենց մենք կարող ենք ինչ-որ երաշխավորված օբյեկտիվ մոտեցման սկզբունքներ կիրառել, կմտածենք այս ծրագրերի վերակենդանացման մասին»,-ասաց նախարարը: