News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 4-ին Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Հրանտ Մանգասարյանը, իսկ Գեւորգ Հյուսնունցը եւ Սերգեյ Ալումյանը բեկորային վիրավորումներ են ստացել: Նախնական տվյալներով՝ կատարվածն անփութության հետեւանք է: Հրանտ Մանգասարյանը Սպիտակի շրջանից էր, սակայն ընտանիքի հետ Երեւանում էր ապրում: Նա Մանգասարյանների միակ որդին էր, 5 քույր ունի: Հրանտն ապրիլյան պատերազմի մասնակից էր, երեք ամսից զորացրվելու էր:

Բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել է, այնուհետեւ Երեւան տեղափոխվել: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է, դեմքի ու ձեռքերի շրջանում բեկորային վնասվածքներ ունի, ծնոտի կոտրվածք, մատներից մի քանիսն անդամահատել են: Մյուս վիրավորը՝ Գեւորգ Հյուսնունցը, շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին. քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 50.06%-ը: Իշխող ՀՀԿ-ն հաղթել է 37, ԲՀԿ-ն՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 համայնքներում, եւս 8 համայնք կղեկավարեն անկուսակցականները: Ընդդիմադիր «Ելք» դաշինքն այս ընտրություններին չի մասնակցել: ՀՅԴ-ն հաղթել է Շիրակում, որտեղ մարզպետը դաշնակցական է, ԲՀԿ-ն՝ Կոտայքում, որտեղ Գագիկ Ծառուկյանը մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի: Գորիսում ջախջախիչ հաղթանակ է տարել գործարար Առուշ Առուշանյանը: Նշենք, որ նա նաեւ ԱԺ պատգամավոր էր ընտրվել, բայց սկանդալային մի միջադեպի պատճառով վայր էր դրել մանդատը:

Ինտրիգներ էին սպասվում Արտաշատում, սակայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից այստեղ թեկնածու այդպես էլ չառաջադրվեց: ԿԸՀ-ի տվյալներով՝ Արտաշատի քաղաքապետ է ընտրվել հանրապետական Կարեն Բենիամինյանը: Ավշար համայնքն էլ կղեկավարի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը: Իսկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում քաղաքապետ են ընտրել ԱԺ ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված եւ լրագրողի հայհոյած Վազգեն Ադամյանին: Իսկ ընդհանուր առմամբ այս ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցել. ընտրախախտման 47 դեպք է արձանագրվել, 13-ով նախաքննություն է կատարվում:

Ազգային ժողովում 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներն այսօր շարունակվել են: Առողջապահության ոլորտի ծախսերը 5.8 մլրդ դրամով կրճատվել են: Պատգամավորները սա անտրամաբանական են համարում: Նիկոլ Փաշինյանին ամենաշատն անհանգստացրել է անպտուղ զույգերի օգնության ծրագրի փակումը: Կարծում է, որ այն ոչ միայն պետք էր չփակել, այլ կրկնապատկել ու եռապատկել ֆինանսավորումը: Պատգամավորը կրկին հիշեցրել է նաեւ, որ թեեւ մի քանի տարի է՝ հայտարարում ենք, որ սրտի ստենտավորումը պետության հաշվին է արվում, բայց գործնականում խնդիրներ են ծագում: Լեւոն Ալթունյանը հակադարձել է. սրտի անվճար ստենտավորում նախատեսված է միայն բնակչության որոշակի խավերի, այն էլ՝ տարեկան 1500 հիվանդի համար:

Բյուջե-2018-ի նախագծով 362 մլն դրամով կրճատվել են նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերը: Արտեմ Ասատրյանից Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ մեսիջ ենք ուղարկում քաղաքացիներին, եթե կենսաթոշակները, ընտանեկան նպաստներն ու նվազագույն աշխատավարձերը չեն բարձրանում, բայց բյուջեի նախագծում գնաճի որոշակի ցուցանիշ ենք նախատեսում:

Վարդան Բոստանջյանն մտահոգված է մշակույթի ոլորտին հատկացվող աննշան միջոցների առիթով: Հասկանում է, որ բյուջեում փող չկա, բայց տարակուսում է, թե ինչպես են մշակույթի օջախները բավարարվելու, իր բնորոշմամբ՝ ողորմելի միջոցներով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բյուջեն Հրաչ Ռոստոմյանը ներկայացրել է գրեթե դատարկ դահլիճում: Նախարարը նույնիսկ հեգնել է՝ պատգամավորներն այնքան շատ են, որ դժվար կլինի ներկայացնել: Հաջորդ զեկուցողին դահլիճում ներկա մի քանի պատգամավորներն ու լրագրողները ստիպված են եղել սպասել. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանն ուշացել էր: Վարդան Բոստանջյանը կատակել է. բյուջեն կրճատե՞նք:

Ինդիանայի նահանգապետ Էրիկ Ջ. Հոլքոմբը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է 1915թ․ Օսմանյան կայսրությունում երեք միլիոն հայերի, հույների, ասորիների ու սիրիացիների սպանությունը։ Այսպիսով՝ Ինդիանան դարձել է ամերիկյան 48-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նշվում է, որ այդ կերպ օգնում են պաշտպանել պատմական հիշողությունը, այնպես անել, որ նման վայրագություններ այլեւս չկրկնվեն: Ինդիանայի նահանգապետը նաեւ նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։

Ամերիկյան Թեխասում հրաձգություն է տեղի ունեցել: Սաթերլենդ Սփրինգս քաղաքում ինքնաձիգով զինված անհայտ անձը՝ սպիտակամորթ երիտասարդ, ոտքից գլուխ սեւ հագուստով եւ զրահաբաճկոնով, կրակ է բացել բապտիստական եկեղեցում: Նախնական տվյալներով՝ 26 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ վիրավոր կա: Որոշ տեղեկություններով՝ զոհերի թվում երեխաներ կան: Ոստիկանները գնդակահարել են հրաձիգին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Դեւին Պատրիկ Քելլին է, ում վտարել են ամերիկյան ՌՕՈւ-ից: Այս լուրը, սակայն, պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 4 օրով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը, բոլոր հաստատություններից իջեցնել ԱՄՆ դրոշները՝ ի հիշատակ հրաձգության զոհերի: Կիջեցվեն նաեւ արտերկրում ամերիկյան դեսպանատների եւ ներկայացուցչությունների դրոշները: Չնայած ողբերգությանը՝ ԱՄՆ նախագահը հրազենի վաճառքը խստացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը փաստաթղթերի նոր փաթեթ է հրապարակել քաղաքական գործիչների, գործարարների եւ աստղերի կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ: Նոր բացահայտումը «Դրախտային թղթապանակ» անվանումն է ստացել:

Փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը կոմերցիոն շահեր ունի Մեծ Բրիտանիայում գործող Navigator Holdings-ի հետ: Այն իր հերթին համագործակցում է Ռուսաստանի նավթաքիմիական խոշորագույն հոլդինգ «Սիբուր»-ի հետ, որը պատկանում է Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից անձանց: «Դրախտային թղթապանակ»-ում շրջանառվում են նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կնոջ՝ Օլգայի, Ալիշեր Ուսմանովի, «Ռոսնեֆթ»-ի ղեկավարի նախկին կնոջ՝ Մարինա Սեչինայի, ռուսաստանցի ազդեցիկ փաստաբան եւ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Նիկոլայ Եգորովի անունները:

«Դրախտային թղթապանակ»-ում շոշափվում է նաեւ Եղիսաբեթ 2-րդի անունը: Լանքասթերի դքսուհին, որը կառավարում է Մեծ Բրիտանիայի թագուհու անձնական եկամտի ակտիվները, 2004-2005 թվականներին շուրջ 10 մլն ֆունտի ներդրում է կատարել Կայմանյան կղզիներում գրանցված հիմնադրամում: Սպորտային հագուստ եւ կոշիկ արտադրող աշխարհահռչակ Nike-ը ֆինանսական այնպիսի սխեմա է կառուցել, որն օֆշորների օգնությամբ ընկերությանը թույլ է տվել ԱՄՆ սահմաններից դուրս խուսափել միլիարդավոր եվրոյի հարկեր վճարելուց: Հետաքննության համաձայն՝ ամերիկյան Apple-ը նույնպես գրանցված է եղել «հարկային դրախտի» երկրներից մեկում: Օֆշորային գործարքներում ներգրավված է նաեւ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խոշորագույն դոնորներից մեկը՝ Ջորջ Սորոսը:

Լրագրողական հետաքննությամբ զբաղվողներին հետաքրքրել են նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները. պարզվում է՝ Բյուլենթ եւ Էրքան Յըլդըրըմները Մալթայի օֆշորային գոտում 4 ընկերություն ունեն: Հրապարակված փաստերը բացահայտումների փոքր մասն են միայն: Մյուսները կհրապարակվեն շաբաթվա ընթացքում:

Դոլարի վերելքը շարունակվում է, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են: Նոյեմբերի 6-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Նոյեմբերի 7-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, հետո նույնքան կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ