News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը


Հայաստանում այսուհետ կարելի է ստանալ մասնավոր օդաչուի արտոնագիր։ ICAO–ի պահանջներին համապատասխանող PPL օդաչուի վկայականը կարելի է ստանալ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությանն առընթեր «Ավիաուսումնական կենտրոնում» ուսուցման կուրս անցնելուց հետո։

«Սա մեծ իրադարձություն է»,– ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ավելի խոշոր աշխարհագրության համար։

«Արդեն ցանկացողներ կան Ռուսաստանից։ Հայաստանում մասնավոր օդաչուի դասընթացներին մասնակցելու լրացուցիչ խթան  կլինի այն, որ SimAvia ընկերությունը ԱՊՀ–ում վաճառված յուրաքանչյուր օդանավի դիմաց Երեւանում ուսումնական կենտրոնում դասընթացի մասնակցելու հնարավորություն կտա»,– ասել է նա։

SimAvia ընկերության տնօրեն Սիմոն Մնոյանը վստահություն է հայտնել, որ նախագիծը ոչ հեռավոր ապագայում դասընթացի մասնակիցների կգրավի ամբողջ աշխարհից։ Կուրսերից բացի, պլանավորվում է նաեւ բացել սպասարկման կենտրոն, իսկ ավելի ուշ Հայաստանում սկսել Piper օդանավեր հավաքել։ Piper ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Դրյու Մաքիվենն իր հերթին հիշեցրեց, որ ընկերությունն արդեն 80 տարի է՝ ուսումնական օդանավեր է արտադրում։ Այս պահին ընկերությունն արտադրում է 9 տեսակի օդանավ։ «Մենք հետաքրքրված ենք Հայաստանում այդ նախագծով»,– ասել է նա։

Ապագա օդաչուների ուսուցման ծրագիրը 2 մասից է կազմված՝ տեսական եւ գործնական։ Piper ընկերության օգնությամբ ուսումնական կենտրոնն արդեն հագեցված է անհրաժեշտ համակարգիչներով, կա նաեւ ուսումնական օդանավ։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սերգեյ Ավետիսյանը հայտնեց, որ ամբողջական դասընթացի արժեքը կկազմի մոտ 10 մլն դրամ, քանի որ գործնական մասը շատ թանկ է։ Դասնթացի տեւողությունը 2 ամիս է, այդ թվում՝ 48 գործնական թռիչք։ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում նկատելի է ավիափոխադրումների եւ համապատասխանաբար օդաչուների քանակի աճ, ուստի Հայաստանը չպետք է հետ մնա։

Այդ կապակցությամբ Դրյու Մաքիվենը նշեց, որ հաճախ ավիաընկերությունները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում սովորող կամ վերապատրաստվող օդաչուներին։

Պարզվում է նաեւ, որ տարիքային սահմանափակումներ ցանկացողների համար չկան, բացառությամբ նվազագույն շեմի. օդաչուն պետք է առնվազն 18 տարեկան լինի։ Թեկնածուները նաեւ պետք է լինեն առողջ։ Կանանց ուսուցումը խրախուսվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news