News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքի ելած ուսանողները, որոնք արդեն երրորդ օրն է դասադուլ են հայտարարել եւ պահանջում են չհանել տարկետման իրավունքը, այս պահին շրջում են ԵՊՀ ֆակուլտետներով եւ փորձում պարզել՝ արդյոք լսարանները դատարկ են, թե ոչ:

 «Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամները մի քանի լրագրողների հետ մտել են մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային:

Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում, շուրջ 400 ուսանող դասի չի եկել, սակայն դասապրոցես ընթանում է:

«Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - նշել է դեկանը՝ հավելելով, որ թեեւ ինքը տարկետման վերացմանը կողմ չէ, բայց դասադուլներին եւս կողմ չէ:

Արդեն շենքից դուրս  «Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ շատ քիչ ուսանողներ են դասի գալիս. «Իհարկե, կլինեն ուսանողներ, որոնք դասադուլը կօգտագործեն պարզապես դասի չգալու համար, մենք այս խնդրից չենք կարող ապահովագրված լինել, բայց փաստն այն է, որ դասապրոցես, որպես այդպիսին տեղի չի ունենում»:

Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ-ի ղեկավարությունն իրեցն հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ որոշում չի եղել, երբ  նախօրեին փակվել էին համալսարանի դռները:

Ցուցարար ուսանողները մտադիր են երթով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ այսօր կառավարությունը իր հերթական նիստն է հրավիրել:

Նշեք, որ արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:

Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Տպել
Ամենաշատ