News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի նախագահը. Իգոր Դոդոնին հայաստանցի գործընկերն է հրավիրել: Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է գործընկերոջը, իսկ առանձնազրույցից հետո երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Իգոր Դոդոնը, ի դեպ, Երեւան ժամանող Մոլդովայի առաջին նախագահն է: Հույս ունի, որ այս այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: Մոլդովային շատ է հետաքրքրում մեր ինտեգրացիոն փորձը. Հայաստանը ԵՏՄ անդամ է, առաջիկայում էլ համաձայնագիր է կնքելու Եվրամիության հետ: Քիշնեւը կձգտի կիրառել այս փորձը:

Սերժ Սարգսյանը գործընկերոջ հետ խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտության թեմայով: Նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը. հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իգոր Դոդոնն այսօր այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել ցեղասպանության զոհերի հիշատակին, հետո եղեւնի տնկել Հիշողության պուրակում ու շրջել Ցեղասպանության թանգարանում:

Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները երրորդ օրն է՝ դասադուլ են անում: Այսօր նրանք կրկին հավաքվել են Երեւանի պետհամալսարանի մոտ, հետո շրջել բուհի մասնաշենքերով եւ ուսանողներին կոչ արել միանալ դասադուլին: Ավելի ուշ կառավարության շենքի մոտ հավաքված ուսանողներից մի քանիսին վարչապետը հանդիպման է հրավիրել՝ առանց լրագրողների: Ներկա են եղել նաեւ պաշտպանության եւ կրթության նախարարները: Հանդիպման հենց սկզբում Կարեն Կարապետյանը հորդորել է խոսել առանց էմոցիաների եւ պոպուլիզմի:

Ուսանողները եւս մեկ անգամ նշել են. զինվորական ծառայությունից հետո ոչ բոլորը կշարունակեն ուսումը: Կարեն Կարապետյանն էլ հիշեցրել է, որ տարկետումն ամբողջությամբ չի վերացվում: Այդ իրավունքից օգտվել ցանկացողներին պաշտպանության նախարարությունն այլընտրանք է առաջարկում: Հանդիպումը բավական երկար է տեւել: Ուսանողներին, կարծես, պաշտոնյաների հիմնավորումները չեն բավարարել: Որոշել են շարունակել դասադուլը եւ վաղն առավոտյան նորից հավաքվել Երեւանի պետհամալսարանի մոտ:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը մտահոգություն է հայտնել վարչական կարգով բողոքարկումների որակի կապակցությամբ. այս տարվա նոյեմբերի դրությամբ քննության փուլում շուրջ 9.200 գործ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել բողոքարկումների քննարկումն ավելի արագ ու թափանցիկ կազմակերպելու հարցը:

Գործադիրը որոշել է նաեւ ավելացնել սրտի անհետաձգելի վիրահատությունների ֆինանսավորումը: 2017 թվականի առաջին 7 ամիսներին ծրագրի վրա 2.1 մլրդ դրամ է ծախսվել, սպասվող գերածախսը կկազմի շուրջ 320 մլն դրամ: Կառավարության նիստի օրակարգի մեկ հարց էլ վերաբերել է սիրիահայ 302 ուսանողի ուսման վարձավճարների փոխհատուցմանը: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ պահանջվող 194.2 մլրդ դրամից 20 մլն-ը կհատկացվի բյուջեից, մնացած մասը կտրամադրեն Սփյուռքի դոնորները:

Օրերս ամերիկյան դեսպանությունը Երեւանում ներկայացրեց Monsanto ընկերության գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն կընդլայնի համագործակցությունը հայ գործընկերների հետ: Թեեւ հայտարարվեց, որ ԳՄՕ սերմերի արտադրությամբ հայտնի ընկերությունը Հայաստանին դրանք չի առաջարկելու, սակայն մեծ աղմուկ բարձրացավ: Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Monsanto-ն շուրջ 20 տարի է՝ գրանցված է Հայաստանում: Գյուղնախարարությունը, սակայն, միայն բարձրացած աղմուկից հետո է որոշել ուսումնասիրել, թե ընկերությունն ինչ արտադրանք է իրացնում հայկական շուկայում: Առաքելյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ գյուղատնտեսության նախարարությունը Monsanto-ի հետ չի համագործակցում:

Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարն էլ հայտնել է, Monsanto-ի սերմերը չեն գերազանցում Հայաստան ներկրումների 1%-ը: Իշխան Կարապետյանն ասել է, որ ծառայության իրավասությունը չէ՝ որոշել, թե ինչ սննդամթերք պետք է ներկրվի Հայաստան: Անձամբ ինքը նախընտրում է օրգանական մթերքները:

Հայտնի փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր դատավճիռ է կայացվել: Ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը դատապարտվել է 24, Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման: Նշեnք, որ մեղադրողը երկու ամբաստանյալի համար էլ ցմահ ազատազրկում էր պահանջում: Արթուր Միհրանյանը նախաքննական ցուցմունքում նշել էր, որ Կարեն Վարդանյանին սպանել է Գեւորգ Զոհրաբյանի հետ, այնուհետեւ երկուսով փորձագետին թաղել են Գեւորգին պատկանող ավտոտնակում: Սակայն դատաքննական ցուցմունքում նա փոխել էր ցուցմունքը եւ հայտարարել, որ Վարդանյանին ինքն է սպանել, Գեւորգը ոչ մի կապ չունի: Այսօր վերջին խոսքում կրկնել է պնդումը: Հիշեցնենք, որ փորձագետ Կարեն Վարդանյանը սպանվել է 2016 թվականի մարտի 17-ին: Մեղադրանքի համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ են հասցրել Կարեն Վարդանյանի գլխին, հետո հասկանալով, որ արդեն մահացել է՝ դիակն ավտոմեքենայով Երեւան են տեղափոխել եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում:

Սաուդյան Արաբիայում ձերբակալությունները շարունակվում են: Կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների շրջանակում թագավորության պատմության մեջ առաջին անգամ արքայադուստր է կալանավորվել՝ Ռիմ բինթ ալ Վալիդ Թալալը: Արքայադուստր Ռիմն ակտիվ գործարար է. նա միջազգային հանրության ուշադրությանն է արժանացել որպես բիզնեսում նորարարության ոլորտի առաջատար: 2014 թվականին Foreign Policy ամսագիրը կանանց օգնելու համար արքայադստերն առաջատար համաշխարհային մտածող է ճանաչել:

Ավելի վաղ կաշառակերության եւ փողերի լվացման մեղադրանքով կալանավորվել էր նրա հայրը՝ միջազգային ներդրող Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է. նա բաժնետեր է Twitter-ում, Citigroup-ում, բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի եւ Մայքլ Բլումբերգի հետ: Ի դեպ՝ «Սաուդյան Արաբիայի Կարմիր արքայազնի վերադարձը» վերնագրով հոդվածում պնդում կա, որ Ալ Վալիդի տատը, ենթադրաբար, հայուհի Մունայիրն է, որի ընտանիքը փախել է Օսմանյան Թուրքիայից՝ փրկվելով Ցեղասպանությունից:

Նշենք, որ նոյեմբերի 3-ից սկսած թագավորի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի գործողության շրջանակում Սաուդյան Արաբիայում ավելի քան 200 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ 14 արքայազն, տասնյակ նախկին ու ներկա նախարարներ, այլ պաշտոնյաներ: Նրանց թվում են նաեւ հանգուցյալ Աբդալլահ թագավորի երկու որդիները, որոնցից արքայազն Միթեբը գլխավորում էր Ազգային գվարդիան: Ըստ սաուդյան իշխանությունների՝ վերջին 10 տարվա ընթացքում նրանք ավելի քան 100 մլրդ դոլար են յուրացրել: Արեւմուտքում, սակայն, կարծում են, որ կատարվածը կապված է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ հակառակորդներին վերացնելու ցանկության հետ:

Անձրեւների շրջանը դեռ նոր է սկսվում, սակայն Երեւանում այն արդեն հասցրել է խնդիրներ ստեղծել: Անձրեւաջրերի պատճառով մայրաքաղաքում մեքենաներ են արգելափակվել, նույնիսկ փրկարարների օգնության կարիք է եղել: Արտակարգ իրավիճակ է եղել նաեւ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին: Թաիրով գյուղի վարչական տարածքում, պարզվում է, ճանապարհամերձ դիտահորերը չեն գործել, ինչի արդյունքում անձրեւաջրերը ողողել են փողոցները: Ջուրը նաեւ բնակիչների տներն ու հարակից շինություններն է լցվել: Տեղի բնակիչները դժգոհում են. ամեն անգամ տեղումների ժամանակ նույն իրավիճակն է ստեղծվում, սակայն ո՛չ մարզային, ո՛չ  համայնքային իշխանությունները խնդրին լուծում չեն տալիս:

Նոյեմբերի 9-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Նոյեմբերի 10-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ