News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ հույսեր էր արթնացրել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ի վերջո կկարգավորվեն, սակայն հարաբերությունները ոչ միայն չկարգավորվեցին, ավելին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների պատմության ամենասկանդալային փուլն ապրեցին։

Թեեւ Օբաման հեռացավ ասպարեզից, սակայն ԱՄՆ-ում Թուրքիայի համար գլխացավանք Ֆեթուլլահ Գյուլենը դեռ հանգիստ ապրում է Փենսիլվանիայում,  իսկ ամերիկյան դատարանում էլ շարունակվում է Էրդողանի մտերիմ գործարար Ռեզա Զարրաբի դատավարությունը, որտեղ նա մեղադրվում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու, խոշոր կոռուպցիոն գործարքների, խոշոր չափերի մաքսանենգության մեջ։ Այստեղ Թուրքիայի համար սարսափելին այն է, որ Ռեզա Զարրաբի գործում շրջանառվում է նաեւ Էրդողանի անունը։ 

Սա դեռ վերջը չէ։ Թրամփի վարչակազմը շարունակեց Սիրիայի քրդերին աջակցելու Օբամայի քաղաքականությունը։ Դա դադարեցնել տալու թուրքական իշխանությունների բոլոր քայլերը դատապարտվեցին անհաջողության։ Ավելին, աջակցությունը նոր թափ է հավաքում։

Սակայն դա էլ ամենը չէր։ Մայիսին Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ նրան ուղեկցող թիկնապահները հարձակվում են նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա եւ բազմաթիվ լրատվամիջոցների տեսախցիկների ներկայությամբ սկսում են ծեծել ցուցարարներին։ Ամերիկյան ոստիկանությունը ոչ միայն ձերբակալում է Էրդողանի երկու թիկնապահներին, այլ մնացածի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարում։ Սա արդեն Էրդողանին բավականին անհարմար դրության մեջ է գցեց։

Ամերիկյան այս քայլերին Թուրքիան կարողանում է միայն Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակցի ձերբակալելով պատասխանել՝ հայտարարելով, թե նրանք առնչություն ունեն Ֆեթուլլահ Գյուլենի հետ։ Սակայն հյոււպատոսարանի աշխատակիցներին ազատ արձակելու ԱՄՆ կոչերն անպատասխան մնացին եւ Վաշինգտոնը գնաց ռադիկալ քայլի՝ հայտարարվեց Թուրքիայի տարածքում ոչ ներգաղթային վիզաների դադարեցման մասին։

Նման զարգացումների համատեքստում ԱՄՆ է մեկնում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա ուղեւորության օրակարգի առանցքային հարցերն են՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում, Ռեզա Զարրաբի դատավարության կասեցում, Սիրիայի քրդերին ռազմական աջակցության դադարեցում եւ իհարկե վիզաների տրամադրման հարցի կարգավորում։

ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետն արդեն հասցրել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հայտնի է, որ հենց Բինալի Յըլդըրըմի օրակարգային թեմաների շուրջ էլ եղել է խոսակցությունը սակայն արդյունքը կարծես կրկին զրոյական է։

ԱՄՆ-ի կողմից արդեն հայտարարություն է եղել, որ Թուրքիան երաշխավորել է, որ այսուհետ իրենց աշխատակիցներին ձերբակալելու դեպքում իրենց պետք է տեղյակ պահեն, եւ այդ համատեքստում Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ներկայացուցչությունները սկսկել են սահմանափակ քանակով ոչ միգրացիոն վիզաների դիմումների ընդունումը։

Մայք Փենսի հետ հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցությունը Սիրիայի քրդերին, իսկ Գյուլենի արտահանձման կամ մյուս թեմաների վերաբերյալ քար լռություն է։ Կարելի է ենթադրել, որ եթե դրական զարգացում լիներ, թուրքական կողմը հատուկ դիվանագիտական «անանուն խողովակներով» լրատվամիջոցներին կհայտներ վարչապետի գրանցած հաջողության մասին։

Փաստորեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված փուլը կարելի է անցած համարել եւ ներկայում ԱՄՆ-ը Թուրքիային սահմանափակ հնարավորություն է տվել շփման համար։

Թեեւ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության ձերնակալված աշխատակիցները ազատ չեն արձակվել, ԱՄՆ-ը մեղմացրեց իր դիրքորոշումը, ինչը կարելի է կապել մի քանի գործոններով։

Դրանց շարքում գլխավորը ՌԴ-ի ակտիվացումն է Թուրքիայում՝ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում։

ԱՄՆ-ը չի կարող այս պահին լիովին դադարեցնել Թուրքիայի հետ դիվանագիտական բարձ մակարդակի շփումները, քանի որ ՌԴ-ի ներկայությունը եւ Թուրքիայի կողմից ռուսական ժամանակակից C-400 համակարգերի գնումը խիստ անցանկալի երեւույթ է։

Այսինքն, այս պահին ՌԴ-ի գործոնը ստիպում է ԱՄՆ-ին Թուրքիայի հետ որոշակի մակարդակում «ջերմացնել» հարաբերությունները՝ շարունակելով ձեռքում պահել Թուրքիայի վրա ճնշում բանեցնող մի շարք գործիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ