Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նշեց.
«Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությւոնն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգալ մարմնում սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման եւ տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ից կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչեւ 2018թ. մարտի 31-ը»,-ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ հետագա քայլերը կորոշեն ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո. «Վիճարկել էինք այն դրույթը, որ Վանաձորի ավագանին գումարել էր նիստեր եւ որոշումներ էր կայացրել, այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, սրա հիման վրա կայացված նիստերի որոշումները եւս իրավական ուժ չեն ունենա ՍԴ-ի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո: Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 31-ը: Մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի: Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան»:
Էդմոն Մարուքյանը նշեց, եթե Վանաձորի ավագանին չլուծարվի, չկարողանա նիստեր կայացնել, իսկ ընդդիմությունն էլ բոյկոտի, նոր ճգնաժամ կսկսվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որը վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում առաջ եկած հակասությանը:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։
Բանն այն է, որ այդ նշված երեք խմբակցությունները միասին 33 հոգանոց ավագանիում ունեն 18 մանդատ, այսինքն մեծամասնություն են կազմում, սակայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացնում:
ՏԻՄ օրենքը մի հոդվածում նշում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, հետեւաբար Մամիկոն Ասլանյանի պնդմամբ, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է:
Այս խնդրի առնչությամբ «Լուսավոր Հայաստան»-ը դիմել է Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն որոշի, որ ՏԻՄ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է անվավեր ճանաչվեն մինչ օրս ավագանու ընդունած բոլոր որոշումները, քանի որ այնտեղ կեսից ավելին ներկա չի եղել:











