News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Լիբանանն այն երկրներից մեկն է, որտեղ իրանցիների համար ծայրահեղ կարեւոր է ազդեցության պահպանումը, այս պատճառով Լիբանանի համար նրանք կպայքարեն բավականին ակտիվորեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Chatham House-ի Ռուսական-եվրասիական ծրագրի աշխատակից Նիկոլայ Կոժանովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հնարավո՞ր է ուղղակի դիմակայությունը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է ոչ թե իրանցիների պահվածքից, այլ հատկապես սաուդցիների: Վերլուծաբանի կարծիքով՝ շատ բան կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի Սաուդյան Արաբիան, առավել եւս, որ Սալման թագավորն անչափ ագրեսիվ է տրամադրված: «Եթե դիտարկենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 2-3 շաբաթներին, ապա ակնհայտ է, որ սաուդցիներն ակտիվ են այն երկրներում, որտեղ իրանական ներկայությունն անկում ունի կամ բավականաչափ թույլ է: Վերջին շրջանում Իրաքի քրդերի հետ հարաբերությունների ամրապնդումն այն մասին է վկայում, որ ընթանում է այն պետությունների շարքում երկպառակություն սերմանելու որոշակի փորձ, որոնք Իրանին են շրջապատում»,- նշեց Կոժանովը:

Ի պատասխան հարցին՝ վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա, վերլուծաբանը չբացառեց, որ այս տարածաշրջանում եւս միանգամայն հնարավոր է տեսնել սաուդցիների ինչ-որ գործողություններ: «Չնայած կարծում եմ՝ դա քիչ հավանական է: Իրանցիները կխաղարկեն այն խաղաքարտը, որը մշտապես խաղարկել են: Այսինքն՝ տնտեսական շահերի պահպանման հարցում կշարունակեն երկրների միջեւ ինչ-որ հավասարակշռություն պահպանել: Տնտեսական տեսանկյունից ավելի շատ հարաբերություններ կլինեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Հայաստանի ուղղությամբ ավելի շուտ ժեստեր կարվեն՝ ցույց տալու համար, որ մենք ձեզ չենք թողնում»,- նշեց փորձագետը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ ազդեցության ոլորտների համար պայքարը սրվում է, եւ դրա վերջին վկայությունն էր Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը, որի մասին նա հայտարարել է Էր Ռիադում գտնվելիս: Հարիրին շիական «Հիզբոլլահ» շարժմանն ու Իրանին մեղադրել է  Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ ու հայտարարել է, որ տեղեկացել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն անհիմն է որակել: Ըստ որում՝ «Հիզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը նշել է, որ Էր Ռիադը Հարիրիին ստիպել է հրաժարական տալ եւ, հնարավոր է, նրան հարկադրանքով է պահում Սաուդյան Արաբիայում:

Հիշեցնենք, որ Լիբանանում բնակվում է բազմահազար հայ համայնք՝ մոտ 150 հազար մարդ: Այնտեղ է գտնվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նստավայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news