News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ինչպես  բոլոր ռեկտորները ուսման տարկետման իրավունքը սահմանափակելու կապակցությամբ առարկություն չունի։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարողական արվեստում երկու տարվա ծառայությունը չի կարող բացասաբար ազդեցություն ունենալ։

«Կյանքը ցույց է տվել, որ միշտ չէ պետպատվեր ընդունվածը ավելի լավ է սովորում, քան վճարովի համակարգում։  Կրթությունը էնպիսի բան է, որ չես կարող այդ պահով որոշել։ Ենթադրենք մեկին հաջողվել է պետպատվերով ընդունվել, մյուսին չի հաջողվել ու գնացել է բանակ։ Կյանքն էլ, փորձն էլ ցույց է տալիս, որ միշտ չի, որ պետպատվերով ընդունվածն ավելի լավ է սովորում, քան վճարովի համակարգում ընդունվածը։ Օրինակ, բակալավրում վճարովի համակարգում ընդունվել է մեկը, որը 18 տարեկանից բանակ է գնում, մյուսը՝ չէ, ի՞նչ է փոխվում հիմա, ավելի հավասար է լինում, չէ՞, բոլորը գնալու են»,–ասաց ռեկտորը։

Նա նշեց, որ ուսանողների ցույցին Կոնսերվատորիայից չեն միացել, քանի որ հասցեատերը չեն։ Անգամ մագիստրատուրայի համար հատկացված 35 տեղից 20–ը  տարկետման իրավունքով են, բայց մի մասը թափուր է մնում, իսկ ասպիրանտուրա վերջին տարիներին ընդհանրապես դիմող չկա։

Շահեն Շահինյանին հուսադրել է այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին օրենքն ամբողջությամբ չի սահմանափակել տարկետման իրավունքը, օրինակ տաղանդավոր ուսանողների համար կառավարությունը բացառություն անելու է։ 

«Միշտ էլ թե Խորհրդային տարիներին, թե անկախության շրջանում հատուկ վերաբերմունք եղել է տաղանդավոների  նկատմամբ։ Մենք էլ ենք քննարկում,  մտածում ցանկացած կետի  մասին։ Կյանքը ցույց է տվել, որ ծառայությունից հետո էլ կատարողական արվեստում հաջողությունների են հասնում։ Այնպես չի, որ եթե մեկնում ես ծառայության, հետագայում դադարում ես կատարող լինել։  Մագիստրոսների մոտ 34–35 տեղ կա, որից 20–ը ունենում են տարկետման իրավունք։ Վերջին տարիներին որ ես աշխատում եմ որպես ռեկտոր, չի եղել տարի, որ 20 տարկետման իրավունքը լիարժեք օգտագործենք, այսինք՝ 12 տարկետման իրավունք հազիվ ներկայացնում ենք մագիստրոսականում։ Աղջիկները ավելի շատ են մեզ մոտ»,–ասաց Շահեն Շահինյանը։ Նշենք, որ  ուսման տարկետման իրավունքի վերականգնման պահանջով  ուսանողական դասադուլը շարունակվում է։ Երեկ էլ նրանք երթով անցնելով բուհերի մոտով՝ կոչ արեցին միանալ շարժմանը։  Պայքարի դուրս եկած ուսանողների մեծ մասը Երեւանի պետական համալսարանից են։

Տպել
Ամենաշատ