News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իրանի եւ Իրաքի սահմանին նոյեմբերի 12-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Իրանում երկրաշարժի հետեւանքով 328 մարդ է զոհվել, եւս 6 զոհ կա Իրաքում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ նահանգում. այստեղ եռօրյա սուգ է հայտարարվել: Շուրջ 4000 մարդ տուժել է, 70 հազար իրանցի առանց տանիքի է մնացել: Տուժած շրջաններում վրանային ճամբարներ եւ դաշտային հոսպիտալներ են ստեղծվել: Հայաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհերի եւ տուժածների թվում հայեր չկան: Հավելենք, որ ստորգետնյա ցնցումները 3 բալ ուժգնությամբ զգացվել են նաեւ Հայաստանում:

«Իգլա»-ի գործով մեղադրողը պահանջում է Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Գործով այսօրվա նիստում Արամ Արամյանը հանդես է եկել մեղադրական ճառով՝ կարծիք հայտնելով, որ ամբաստանյալների մեղքն ապացուցված է: Երկարաշունչ ճառի ավարտին դատախազն ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի համար էլ 4 տարվա ազատազրկում է պահանջել: Մյուս հինգ ամբաստանյալներից երկուսի համար դատախազը պահանջել է 3-ական, երեքի համար՝ 2-ական տարվա ազատազրկում. նրանցից Անդրանիկ Քոչարյանի եւ Ժորա Զաքարյանի համար առաջարկել է ազատազրկումը կիրառել պայմանականորեն՝ 3 տարի փորձաշրջանով: Հաջորդ՝ նոյեմբերի 20-ի դատական նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը: Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Բաբայանը մի խումբ անձանց դրդել է նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել եւ պահել:

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ առաջիկա տարիներին շուրջ մեկ մլրդ դոլարի ներդրում կկատարի Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն այսօր հայտարարել է, որ Լոռիում «Շնող» ՀԷԿ-ն է կառուցվելու. նախապատրաստական աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում, ծրագիրը 150-190 մլն դոլար կարժենա: Ներդրումներ են արվելու բաշխիչ ցանցերում եւ հիդրոէներգետիկայի բնագավառներում: Այսօր պայմանագրեր են ստորագրվել Ասիական Զարգացման Բանկի ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ՝ 160 մլն դոլարի ներգրավման նպատակով: Եվրասիական Զարգացման Բանկի հետ էլ 100 մլն դոլարի ներգրավման նպատակով փոխգործակցության հուշագիր է ստորագրվել:

Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմնավորվածության շուրջ ծավալված աղմուկը նոր ընթացք է ստանում: Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ում գրել է, որ պաշտպանության նախարարի տարկետման հիմքերն իրեն չեն տրամադրվել: Պատգամավորը զինվորական կոմիսարին գրություն էր ուղարկել՝ պահանջելով իրեն տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել: Զինկոմի պատասխանին, Փաշինյանի հավաստմամբ, փաստաթղթեր կցված չեն եղել. զինկոմը տեղեկացրել է, որ դրանք ոչնչացվել են:

Պաշտպանության նախարարության խոսնակն արագորեն արձագանքել է Փաշինյանի գրառմանը: Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պահեստազորի որեւէ շարքայինի գործ նրա՝ սպա դառնալուց հետո չի պահպանվում: Ավելին, Հովհանիսյանի հավաստմամբ, սահմանված ժամկետը լրանալուց հետո վերացվում են անգամ պահեստազորային շարքայինների գործերը:

Հանգստյան օրերի դադարից հետո տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր նորից հավաքվել են Երեւանի պետհամալսարանի մոտ: Նրանք շարունակել են դասադուլը, նաեւ նորից շրջել բուհերով եւ ուսանողներին կոչ արել միանալ իրենց: Կողմերի դիրքորոշումը, փաստորեն, չի փոխվել. ուսանողները պահանջում են տարկետման իրավունքի վերացումը չներառել զինծառայության մասին օրենքի նախագծում, իսկ կառավարությունը չի պատրաստվում զիջել: Նշենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան ուսանողները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ եւ պահանջում էին իրենց ներկայացուցիչներին թույլ տալ մասնակցել պաշտպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստին: Նրանց չէին արձագանքել, իսկ քվորումի բացակայության պատճառով հետաձգված հանձնաժողովի նիստը ժամեր անց, այնուամենայնիվ, կայացել է: Օրենքի նախագիծը նիստում քննարկվել է եւ դրական եզրակացությամբ ուղարկվել Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ին մեկնարկելիք քառօրյայի օրակարգ:

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող առաջին դասարանցի երեխայի ծնողները պնդում են, որ դասընկերներն իրենց 7-ամյա երեխայի նկատմամբ բռնություն են գործադրել: 47-ամյա Մարինե Սարգսյանն ահազանգել է, որ դասընկերները որդու ձեռքերը սկոտչով կապել են, զուգարանում ծեծել, հետո կտրել թարթիչները: Դպրոցի տնօրենն ու երեխայի դասղեկը, սակայն, այլ բան են պնդում. երեխան ինքն է կտրել թարթիչները, իսկ ծեծի մասին պնդումները տղայի երեւակայության արդյունքն են: 7-ամյա Արտյոմը թարթիչները կտրելու մասին ուսուցչուհուն պատմել է, երբ վերջինը նկատել է դա ու ահազանգել ծնողներին: Տղայի մայրը դեպքից միայն 4 օր անց է ահազանգել որդուն ծեծի ենթարկելու մասին եւ դիմել ոստիկանություն: Հետաքննություն է սկսվել: 

Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոյեմբերի 11-ին Հովք գյուղի վարչական շրջանում մարդիկ թափառող շան երախում մարդու մարմնի մաս են նկատել: Ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած իրավապահները գետի ափին բերանքսիվայր ընկած, ինքնությունը չպարզված կնոջ հոշոտված դի են հայտնաբերել:

Այսօր արդեն դեպքի նոր մանրամասներ են հայտնի դարձել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ կատարվածը, ենթադրաբար, սպանություն է. կնոջ մարմնի վրա բռնության հետքեր կան, այդ թվում՝ գլխի հատվածում: Կնոջ ինքնությունը, սակայն, դեռեւս պարզ չէ: Ոստիկանությունը կնոջ հագուստի լուսանկարներն է հրապարակել եւ ճանաչողներին խնդրել արձագանքել: Դիակի արտաքին զննության արդյունքներով՝ կինը շուրջ 35 տարեկան է եղել:

Դոլարի վերելքը վերսկսվել է, եվրոն էժանանում է: Նոյեմբերի 13-ին դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 8 դրամ 20 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Նոյեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ