News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով ուսանողներ եւ սատարում են  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող եւ այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին: Նրանք հայտարարեցին, որ իրենք այստեղ կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի եւ իրենց 5 ընկերները դադարեցնեն հացադուլը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր 5 ուսանողներ հացադուլ են հայտարարել ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք փակել են դուռը եւ թույլ չեն տալիս, որ ինչ-որ մեկը մտնի ներս:

Ֆակուլտետի անվտանգության աշխատակիցները արգելու են լրագրողների մուտքը շենք՝ նշելով, որ այսպիսով խաթարվում է դասապրոցեսը:

Հացադուլ հայտարարած 5 ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ են՝ Դավիթ Պետրոսյանը, Յուրի Մովսիսյանը, Լեւոն Չուքակալյանը, Գեղամ Ասատրյանը եւ Հարությունը (նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի):

Նշենք, որ հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ հացադուլ հայտարարածներից 4-ը ծառայել են բանակում. «Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից: ԱԺ քառօրյան մեկնարկում է նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ