News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է եւ աշխատում է Պաշտպանության նախարարի աշխատասենյակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Անհասկանալի է, որ Վիգեն Սարգսյանն այսօր այստեղ չէ, հատկապես  առաջին ընթերցման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ ելույթից հետո: Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք կհարուցեին խաշած հավի ծիծաղը: Վիգեն Սարգսյանը մնում, մնում, ասում է՝ ես որպես քաղաքական գործիչ, ես քաղաքական գործիչ, այ ժողովուրդ, այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, հիմա կանգնել, ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ, նա «ժիվոյ» քաղաքացի ե՞րբ է տեսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց Վիգեն Սարգսյանի խոսքերը, թե ինչ պայմաններում ինքն է ծառայել, այդպիսի պայմաններ էլ առաջարկում է ՀՀ քաղաքացիներին. «Այսինքն Վիգեն Սարգսյանն առաջարկում է ծառայել որպես Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, նա այսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է եւ աշխատում է Պաշտպանության նախարարի աշխատասենյակում: Ուժային կառույցներից 2-ը ղեկավարում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները, թող նրանցից եւ ոչ մեկը չհամարձակվի ասել՝ ես քաղաքական գործիչ եմ, դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտեք,  բայց ձեր նուրբ քիմքը չի դիմանա, «ժոգա» կստանաք ու կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին իրականում Ժիրայր Սեֆիլյանն է առաջին անգամ խոսել, իսկ իշխանություններն այն «գողացել» են եւ ներկայացրել որպես իրենց սեփական նախագիծ:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ն այսօր առավոտից նաեւ հացադուլ են հայտարարել եւ փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում՝ հրաժարվելով դուրս գալ այնտեղից: Հետաքրքիր է, որ այսօր հիմնական զեկուցողը պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանն է, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախագիծն անձամբ Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ