ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան եւ «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մոմավառությունից եւ գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Սերժ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների եւ Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։
Այնուհետեւ նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչեւ Ուրարտու եւ քրիստոնեության ընդունումից մինչեւ մեր օրեր: Ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ եւ հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։