News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական մշակույթի բացառիկ գրական եւ երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ։

«Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում:

Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Սրանք նշանակալի տարեթվեր են, որոնք վկայում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին` կառուցված բարեկամության բազմադարյա կապերի վրա, որոնցով միահյուսված են մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրերը: Մենք մշտապես միասին ենք եղել ՝ եւ՛ խաղաղ ժամանակ, եւ՛ ծանր փորձությունների տարիներին: Մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել եւ երախտագիտությամբ նշել Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացումը Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում:

Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով:

Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաեւ հումանիտար կապերի զարգացման գործում: Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց եւ խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ: Մեզ շատ բան է մտերմացնում: Դա եւ՛ սրտաբացությունն է, եւ՛ բարյացակամությունը, եւ՛ մարդամոտությունը, եւ՛ զգացմունքայնությունը, եւ՛ իհարկե, ամեն նորի հանդեպ ընկալունակությունը: Ռուսաստանն իրավացիորեն համարում են համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի գործիչների զգալի մասը՝ մեր գրողները, երաժիշտները, ճարտարապետներն ու նկարիչները, դարձել են ոչ միայն ռուսական արվեստի դպրոցի շրջանավարտներ, այլեւ նրա փառահեղ ավանդույթների շարունակողներ, ովքեր բազմապատկում են ընդհանուր հոգեւոր-մշակութային ժառանգությունը:

Այսօր Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի մշակույթը, անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնցից են՝ Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիեւը եւ շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծ գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արեւելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական եւ եվրոպական մշակույթի նոր միտումների հետ:Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության եւ տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային եւ վերժամանակային արժեքներով:

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիեւներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ եւ հետաքրքիր նախագծերով:

Հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դրանց հետագա փոխհարստացման համար:

Ռուսական մշակույթի բացառիկ գրական եւ երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, եւ «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի եւ արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձեւավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռեւս 1995 թվականին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես եւ, ինչը շատ կարեւոր է, սրտանց մոտենալու համար, ինչպես նաեւ` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում:

Մաղթում եմ բոլոր ներկաներին, առաջիկա միջոցառումների բոլոր մասնակիցներին վառ, հետաքրքիր տպավորություններ»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ