Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերին, Վիեննայում։ Այդ մասին նշել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), որոնք հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

Հանդիպումներին, որոնց մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնեւում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաեւ Ժնեւում համանախագահների մատնանշած այլ խնդիրները, ասված է հայտարարությունում:

Հանդիպումների ընթացքում համանախագահները եւ նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ:

Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում:

Համանախագահները պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ