News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առեւտրի իրականացման վայրերում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական եւ մի շարք այլ խնդիրների հետեւում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսեւորումներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, NEWS.am-ը տեղեկանում է  ՊԵԿ մամուլի ծառայությունից:

ՊԵկ-ից տեղեկացնում են, որ 2017 թվականի նոյեմբերից է միայն կոմիտեն տոնավաճառներում նախաձեռնել հսկողական միջոցառումներ, մինչդեռ վերջինների գործունեության վերաբերյալ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալները չափազանց խոսուն են եղել: Մասնավորապես` առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչների գործունեությունն ուսումնասիրելու համար կոմիտեում բացվել է 196 հանձնարարագիր, որից ընդամենը 31-ը` «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում («Առինջ մոլ»): Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն:

Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» եւ առեւտրի կազմակերպման եւս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ն («Առինջ մոլ») ցանկացած՝ անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում՝ խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց եւ վճարելուց: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողներին, այդ թվում՝ առեւտրականներին ներկայացվող պահանջները նոր չեն եւ սահմանված են ՀՀ օրենքներով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող եւ դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեղմ վարչարարությունը» կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետեւաբար, այն հարկ վճարողները, որոնք  խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, եւ վերջինների նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ: Միաժամանակ համապատասխան օրենքի համաձայն` պետական եկամուտների կոմիտեն իրավասու է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում եւ գնում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում եւ օպերատիվ փորձարարություն:

Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն եւ չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Այդ պարզունակ մեղադրանքներին լավագույնս հակադրվում են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների արձանագրած ցուցանիշները, որոնք, ի դեպ, հրապարակային են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ