News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր շարունակվել են 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստերի ոգով՝ ընդդիմադիրները քննադատել են նախագիծը՝ այն հակասոցիալական որակելով, իսկ իշխող կոալիցիոն՝ պաշտպանել: Քննարկումներն այսօր ավարտվել են, հիմա խմբակցությունները 24 ժամ ունեն՝ նախագծի շուրջ վերջնական առաջարկություններ ներկայացնելու համար: Ենթադրվում է, որ բյուջե-2018-ին խորհրդարանը կանդրադառնա հաջորդ շաբաթ, արտահերթ նիստով:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնող ֆինանսների նախարարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Վարդան Արամյանը նշել է, որ տնտեսական աճ ապահովելու մասին իշխանության եւ ընդդիմության պատկերացումները տարբեր են: Վստահեցնում է, որ թեեւ չեն կարողանում բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, բայց քայլեր են ձեռնարկում՝ բնակչությանն աշխատելու հնարավորություն տալու համար: Ասում է՝ պետք է օժանդակել մարդկանց, որպեսզի սեփական ուժերով բարելավեն իրենց սոցիալական վիճակը:

Մեր թղթակցի հետ զրույցում էլ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Վանաձորի ավագանու հարցով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադրական են ճանաչվել, որի հիման վրա քաղաքապետը նիստեր էր գումարում, չնայած ավագանիում ընդդիմության ներկայացուցիչները նիստին չէին ներկայանում եւ քվորում չէր ապահովվում: Արդյո՞ք ՍԴ-ի որոշումից հետո Վանաձորի ավագանին լուծարելու որոշում կկայացվի:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանին ռուսական պաշտպանական 100 մլն դոլար վարկի տրամադրման համաձայնագրին եւ այն ուղարկել խորհրդարանի վավերացմանը: Վարկը տրամադրվելու է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհել է անչափահասներին ծխախոտի, ալկոհոլի վաճառքը, գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր այցելությունը կանխելուն ուղղված քայլերից: Այդ ուղղությամբ աշխատանքը վարչապետին չի բավարարում. հանձնարարել է խստացնել պատասխանատվությունը: Վարչապետը նաեւ դժգոհ է, որ գերատեսչությունները բազմաթիվ հարցեր երկար ժամանակ քննարկում են, հետո կառավարության նիստի գալիս ու էլի մի քանի օր խնդրում: Այսօր լրացուցիչ ժամանակ էր խնդրում ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը. ուզում են լավացնել Հաշվեքննիչ պալատին վերաբերող պատգամավորների նախաձեռնության շուրջ կառավարության առաջարկների տեքստը: Կարեն Կարապետյանը նախ մերժեց, հետո զիջեց, բայց եւ խստորեն զգուշացրեց:

Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարած այցը վաղուց էր ծրագրված: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստել է Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ Սերգեյ Լավրովի երեւանյան այցին: Նա հերքել է պնդումները, թե Լավրովը ղարաբաղյան հիմնախնդրի հարցով առանձին՝ ռուսական առաջարկներ է ներկայացնելու Բաքվում եւ Երեւանում: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների ակտիվությանը. Քոչարյանի պնդմամբ՝ բանակցություններում վաղուց առաջընթաց չկա, վիճակը նույնիսկ պայթյունավտանգ է, ինչը սա չի կարող չանհանգստացնել եռանախագահներին:

Հավելենք, որ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 14-ին Մոսկվայում հանդիպել էին Էդվարդ Նալբանդյանի հետ, նոյեմբերի 16-ին՝ Էլմար Մամեդյարովի: Հանդիպումների արդյունքներով եռանախագահներն այսօր հայտարարություն են տարածել եւ հայտնել, որ դեկտեմբերի Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակում համատեղ հանդիպում են անցկացնելու: Քննարկելու են շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ:

Նոյեմբերի 15-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Այս մասին հաղորդագրությունն այսօր տարածել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Սաֆարյանը քերծվածքներ է ստացել ուշագնացության հետեւանքով: Այդ մասին, հաղորդագրության համաձայն, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հենց Գեւորգ Սաֆարյանն է ասել:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, սակայն, հերյուրանք է որակում ուշագնացության մասին հայտարարությունները: Նա հավաստում է, որ դեպքից մեկ ժամ անց դիտորդական խումբ է գնացել «Նուբարաշեն», սակայն դիտորդներին թույլ չեն տվել հանդիպել Սաֆարյանին: Ավելին, փաստաբանի պնդմամբ,  մի քանի խուց այն կողմ գտնվող Աշոտ Պետրոսյանը լսել է Սաֆարյանին ծեծելու ձայները: Ամեն դեպքում, տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում:

Ադրբեջանի տարածքում կեսգիշերին մոտ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի պետական սահմանից 79 կմ հեռավորությամբ: Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում այն զբաղվել է 2-3, Արցախում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետեւանքով Արցախում վնասներ կան. վնասվել է Տիգրանակերտի ամրոցի՝ 1970 թվականին կառուցված մասը: Պատմական շինությունները, բարեբախտաբար, չեն վնասվել:

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվողն արդեն ցուցմունք է տվել: Արգամ Հովիկյանը պատմել է, որ գնացել է նախկին կնոջ հետ խոսելու. ցանկացել է նրան համոզել՝ նորից միանալ: Հովիկյանը պնդել է, որ կնոջ ծնողներն են իրենց ընտանիքի քայքայման պատճառը: Մեղադրյալի պաշտպանի խոսքով՝ Հովիկյանը որոշել էր, որ եթե կինը չհամաձայնի վերադառնալ, նրա աչքի առաջ ինքնասպանություն պետք է գործեր: Սակայն չի հասցրել. կինը կարողացել է փախչել, իսկ ոստիկանները շրջապատել են մանկապարտեզը, այդ պատճառով էլ տղամարդը պատանդառել է 3-ամյա տղային ու փակվել մանկապարտեզում: Հիշեցնենք, որ, որոշ տվյալներով, Հովիկյանը դեպքի օրն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Այս վարկածը, սակայն, դեռ չի հաստատվել. փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել:

Դոլարն ու եվրոն սկսեցին էժանանալ: Նոյեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 573, ռուբլունը՝ 8 դրամ 14 լումա, ֆունտինը՝ 642 դրամ:

Նոյեմբերի 17-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն 20-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ