News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Համաձայնագրի վավերացման հարցը «Հյուսիս-Հարավ-2» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» եւ «Հյուսիս-Հարավ-3» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին, որոնք կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրվել են համապատասխանաբար 2011 թվականի մաիսի 30-ին եւ 2014 թվականի մարտի 11-ին:

Օրինագիծը ներկայացնելիս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է 27 ամսով երկարացնել «Ծրագիր-2» ներդրումային համաձայնագրի կատարման ժամկետը եւ 21 ամսով՝ «Ծարգիր-3»-ի  կատարման ժամկետը: Սրա հետ կապված նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Ըստ որում՝ նա շեշտեց, որ նշված համաձայնագրերը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանում են:

«Ընդհանուր առմամբ, Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում էր 500 մլն դոլարից ավելի ստանալ, որից 1-ին տրանշի շրջանակում արդեն իրացվել է մոտ 60 մլն դոլարը: Ինչ վերաբերում է 2-րդ եւ 3-րդ տրանշներին, ապա հատկացված միջոցների ծավալը հավասար է մոտ 330 մլն դոլարի: Այսօրվա դրությամբ առկա է մոտ 170 մլն դոլարի չիրացված միջոց, որոնց վերաբերյալ տրանսպորտի նախարարությունը մշակում է Գյումրի-Բավրա ճանապարհի շինարարության նախագիծը, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը»,- նշեց Խաչատրյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ներդրումային ծրագրերով կառուցվող «Հյուսիս-Հարավ-2» եւ «Հյուսիս-Հարավ-3» մայրուղիների շահագործման հանձնելու ժամկետների երկարացման պատճառներին, փոխնախարարը որպես հիմնական պատճառ նշեց նախագծերի իրականացման ընթացքում հողերի օտարման գործընթացը: Այսպես 2-րդ տրանշի ազդեցության գոտում են գտնվում, նրա խոսքով, 16 համայնքներ, որտեղ պետք է օտարվի գրեթե 935 հողամաս: Դրանցից 15 տոկոսը դատական կարգով օտարման փուլում են՝ հիմնականում սեփականատերերի Հայաստանից բացակայելու կամ փոխահատուցման չափերին չհամաձայնելու պատճառով:  

«Մենք ծրագրում ենք, որ մինչեւ այս տարվա վերջը 2-րդ տրանշով հողերի օտարման մասով ամբողջ գործընթացը կավարտվի, ինչը թույլ կտա 2019-ին ավարտել այս ծրագրով նախատոեսված շինարարական աշխատանքները: Ինչ վերաբերում է 3-րդ տրանշին, ապա ազդեցության գոտում են գտնվում 12 համայնքներ, որտեղ պետք է օտարվի մոտ 1100 հողամաս: Դրանցից գրեթե 20 տոկոսը դատական կարգով պետք է լուծվի: Պատճառները դարձյալ նույնն են, ինչ 2-րդի դեպքում: Կարծում եմ, որ մինչեւ 2018-ի մարտ այս գործընթացը եւս կավարտվի, ինչը թույլ կտա 2019-ի 3-րդ եռամսյակում ավարտել 3-րդ տրանշով աշխատանքները»,- ասաց Խաչատրյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց, թե այսօր որ փուլում է 2 նախագծերի իրականացումը: Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ 2-րդ տրանշով աշխատանքները կատարվել են 40 տոկոսով, այս տարեվերջին նախատեսել են 60 տոկոսի հասցնել, իսկ 3-րդ տրանշով կատարված աշխատանքների ծավալը 17 տոկոս է կազմում, մինչեւ 2017-ի վերջը կհասնի 30 տոկոսի:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր հերթին նշեց, որ նախագծի իրականացման օբյեկտիվ պատճառներից բացի, կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Այս մտքին փոխնախարարը մասամբ համաձայնեց՝ հավաստիացնելով, որ ամենակոպիտ հաշվարկներով՝ սուբյեկտիվ պատճառների բաժինը հազիվ 5 տոկոս կկազմի: Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է պաշտոնյան, ուշացումը տեղի է ունեցել հատկապես հողի օտարման գործընթացի եւ 8 կմ-անոց հատվածում աշխատանքների ընթացքում պատմամշակութային հուշարձանների առկայության պատճառով:    

Ի պատասխան «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ ո՞վ է վերջնարդյունքում պատասխանատվություն կրելու ճանապարհը շահագործման հանձնելու ժամկետները խախտելու եւ աշխատանքներն անորակ կատարելու համար, պաշտոնյան դարձյալ հայտարարեց. «Կառուցման աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամակացույցին համապատասխան: Կրկնում եմ՝ ուշացումները օբյեկտիվ բնույթ ունեն: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների որակին, ապա, ինչպես բոլորդ գիտեք, վերջերս մեր նախարարը չինական ընկերությանը հանձնարարեց, որը շինարարական աշխատանքների կապալուռուն է, հատվածներից մեկը վերափոխել՝ պայմանավորված որակական ցուցանիշների հետ անհամապատասխանությամբ»: Արման Խաչատրյանը հավելեց, որ բացի  2 տրանշով նախատեսված 170 մլն եւ 100 մլն դոլար միջոցներից, շինարարության ժամկետների ուշացման պատճառով լրացուցիչ ֆինանսավորում չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ